Նախորդ տարիները հագեցած էին, բայց պետք է խոստովանենք, որ 2022-ը մեզ համար նույնպես մեծ անակնկալներ էր պատրաստել։ Այս շրջանում Ucraft-ն օր օրի մեծանում և փոփոխվում է, և այս տարին հատուկ էր նաև այդ առումով։ Հետ նայելով՝ կարող ենք վստահ ասել, որ մեր արդեն մեծ թիմի ջանքերը բերեցին իսկապես մեծ արդյունքներ։
Բացենք փոքրիկ գաղտնիք։ Իրականում Ucraft-ի սպասվող պրոդուկտի կարգախոսը բնութագրում է ամեն ինչ․ «Go Faster, Go Further»: Այս տարին ցույց տվեց, որ մեր կազմակերպությունը կարող է լինել էլ ավելի բազմազան, ունենալ առաջադեմ աշխատանքային մշակույթ, հասնել ավելիին և ոչ միայն բարելավել գործող հարթակը, այլ նաև մշակել նորը։
2022-ը փոփոխությունների, նոր գաղափարների և նոր մարտահրավերների տարի էր։ Հիմա, երբ պատվով հաղթահարել ենք դրանք, եկել ենք՝ պատմելու դրանց մասին նաև ձեզ։
Դե ինչ, այս տարի․․
Մեզ միացել է 85 նոր աշխատակից
Էլ ինչ ամփոփում առանց բոլոր նրանց, ովքեր օգնել են իրագործել այս գաղափարներն ու փոփոխությունները։ Հատկապես հիմա, երբ մեր թիմում ներգրավված են շուրջ 250 աշխատակիցներ, յուրաքանչյուրի նվիրումն ու ջանքերը այնքան կարևոր են։ Արդյունքները երկար չեն սպասեցնում, երբ ամեն մասնիկ իր տեղում է։
Մեզ միացած աշխատակիցներից ավելի քան 20-ը տեղափոխվել են Հայաստան՝ մշտական բնակության։ Աշխատանքը Ucraft-ում ոչ միայն պարտավորություններ է ենթադրում, այլ նաև մի շարք հնարավորություններ, որոնք փորձել ենք հասանելի դարձնել բոլորի համար։ Զրույցներն ու կատակները տարբեր մշակույթների, լեզուների ու հայացքների մասին անպակաս են մեր աշխատանքային առօրյայից։
Ընդունել ենք ավելի քան 70 հազար նոր օգտատերերի
Այս ամենը անիմաստ կլիներ առանց մեր օգտատերերի, ում թիվն այս տարի գերազանցեց մեկ միլիոնը։ Ucraft-ցիներն ապահովում են հարթակի անխափան աշխատանքը և փորձում անընդհատ զարգացնել հնարավորությունները՝ կենտրոնում պահելով հենց նրանց ցանկություններն ու կարիքները։ Տարիների աշխատանքը հաստատ տալիս է իր պտուղները։ Այսօր ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր օգտատերերին, ովքեր ընտրել են մեր հարթակը՝ իրենց բրենդը, պորտֆոլիոն կամ օնլայն խանութը ներկայացնելու համար։ Հուսով ենք, որ դեռ երկար կշարունակենք աշխատանքը միասին՝ արդեն նոր հարթակում։
Հրապարակել ենք ավելի քան 70 հոդված
Չենք մոռացել կիսվել նաև ոլորտի նորություններով ու օգտակար խորհուրդներով։ Կարևորելով որակյալ բովանդակությունը՝ մենք 2022-ին հրապարակել ենք մոտ 75 հոդված երեք լեզվով։ Շարունակել ենք նաև ստեղծել կայքերի պատրաստի նմուշներ և, ինչպես միշտ, պահպանել ենք մինիմալիստական ոճը՝ ներառելով պետքական գործիքներ ամենատարբեր ոլորտների համար։
Մասնակցել ենք մի քանի կարևոր միջոցառումների
Աշխատանքային ճամփորդությունները Ucraft-ցիների ամենասիրելի պարտականություններից են (ճիշտ եք, հատկապես 2020-ից հետո)։ Ինչպես 2021-ին, այնպես էլ այս տարի Ucraft-ը մասնակցել է տարբեր երկրներում անկացվող մի շարք կոնֆերանսների։ 2022-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկը մասնակցությունն էր Լոնդոնում անցկացված eCommerce Expo-ին։ Այս ոլորտի ամենամեծ ու ազդեցիկ միջոցառումներից մեկին Ucraft-ը ներկայացված էր որպես գլխավոր հովանավոր։ eCommerce էնտուզիաստների մեր թիմի համար սա նաև Ucraft-ի նոր հարթակը ներկայացնելու հիանալի հնարավորություն էր։
Ինչպես նաև, այս տարի Ucraft-ի հիմնադիր Գևը և թիմի մի քանի անդամներ մասնակցեցին UC Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրին։ Այս էկոհամակարգի մաս դառնալն իսկապես կարևոր փորձառություն էր։ Բացի այն, որ ծրագիրը նեթվորքինգի և ներդրումների ներգրավման մեծ հնարավորություն է տալիս, այն նաև կարևոր է փորձի փոխանակման և նոր գիտելիքների տեսանկյունից։ Մեզ համար հատկապես հետաքրքիր էր, քանի որ այս ճանապարհին մեզ ուղղորդում էր Կարեն Գյուլբուդաղյանը, ով օգնեց հասկանալ բոլոր նրբություններն ու պատշաճ ներկայացնել Ucraft-ի ծրագրերը։ Իհարկե, այս ամենի մասին կարճ պատմել հնարավոր չէ, բայց մենք փորձել ենք կիսվել մեր փորձառությամբ անգլերեն բլոգի այս հոդվածում։ Ի դեպ, չմոռանանք նշել նաև, որ պատրաստել էինք հիանալի առաջարկ UC Berkeley & SkyDeck համայնքի համար։ Մի խոսքով, տպավորությունները դեռ շատ վառ են։
Հայաստանում նոր գաղափարների և ծրագրերի աջակցումը Ucraft-ի առաջնահերթություններից է։ Այսպիսով, 2022-ին մենք հովանավորել ենք HyeTech տեխնոլոգիական և ինովացիոն կոնֆերանսը և պատիվ ենք ունեցել սատարելու Startup School Armenia, BuildUp, Koreez կրթական նախաձեռնություններին։ Ու ինչպես չնշենք ամենամյա BarCamp-ին մասնակցության մասին, որը դարձել է տոն բոլորիս համար։
Մենք ինքներս սկսել ենք այս ճանապարհը մի փոքրիկ սենյակում, փոքր թիմով։ Տարիների ընթացքում հաղթահարելով տարբեր բարձունքներ ու հասկանալով գիտելիքի, անդադար զարգանալու կարևորությունը՝ մենք շարունակում ենք աջակցել տեղական կազմակերպություններին։ Այս համագործակցությունները միայն սկիզբն են, քանի որ հավատում ենք, որ յուրաքանչյուրիս ներդրումն ու մասնակցությունը մի քայլով մոտեցնում են այն ապագան, որի մասին բոլորս երազում ենք։
Թարգմանել ենք հարթակը նոր լեզուներով
Դե ինչ, շարունակելով՝ ասենք, որ այժմ Ucraft-ը հասանելի է նաև իսպաներենով և պարսկերենով։ Ի դեպ, մեր նոր հարթակը՝ Ucraft Next-ը նույնպես ամբողջությամբ լոկալիզացված է և նույնպես հասանելի կլինի 7 լեզուներով՝
• Անգլերեն
• Հայերեն
• Ռուսերեն
• Ֆրանսերեն
• Արաբերեն
• Պարսկերեն
• Իսպաներեն
Նոր շուկաներ մուտք գործելու հնարավորության համար էլ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր թարգմանիչների և լոկալիզացիայի թիմին։
Ավելացրել ենք 80+ գործիքներ և ինտեգրացիաներ
2022-ի առաջադրանքներից մեկը Ucraft Next-ի ստեղծմանը զուգահեռ գործող հարթակի առաջխաղացումն էր։ Ուժերը կենտրոնացված էին դեպի Ucraft Next, բայց գործող հարթակն աչքաթող անել չէինք կարող։ Հաշվի առնելով օգտատերերի արձագանքներն ու պահանջված գործիքները՝ ավելացրել ենք մի շարք կարևոր հնարավորություններ, գործիքներ և ինտեգրացիաներ։ Կխնայենք ձեր ժամանակը և կնշենք, թերևս, ամենակարևոր երկուսը․
Վճարիր որքան ուզում ես (Pay What You Want)
Օնլայն խանութի այս գործիքը թույլ է տալիս ստեղծել ճկուն գնացուցակ և գնորդներին տալ ընտրության հնարավորություն։ Սրա օգնությամբ հնարավոր է առաջարկել ապրանքի արժեքի մի քանի տարբերակ, կամ թույլ տալ, որ գնորդն ինքն ընտրի գումարը։ Ի դեպ, այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև դրամահավաքների կամ հանգանակությունների դեպքում։
PeopleForce ինտեգրացիա
Այս ինտեգրացիան օգտակար է մարդկային ռեսուրսների կառավարման համար։ Մի քանի քայլով հնարավոր է գտնել աշխատակիցների, լրացնել տվյալներ, ուղարկել ծանուցումներ և շատ ավելին։ Եթե փնտրում էիք աշխատանքի օպտիմալացման լավ գործիք, ապա ճիշտ տեղում եք։
Նկարել ենք ավելի քան 20 վիդեո
Ucraft-ի YouTube-յան ալիքը բավականին ակտիվ էր այս տարի։ Նոր վիդեոները ներառում են հարցազրույցներ Ucraft-ի աշխատակիցների և օգտատերերի հետ, ուղեցույցներ, խորհուրդներ, նմուշների ցուցադրում և շատ ավելին։
Եթե դեռ չեք տեսել մեր վիդեոշարքերը, ապա կարող եք ստուգել նաև Craft It With U շարքը, որտեղ մեր օգտատերերը պատմում են Ucraft-ի հետ իրենց աշխատանքի մասին։
Տրամադրել ենք հատուկ առաջարկներ
Մենք Ucraft-ում սիրում ենք տոներ, տոնական հատուկ առաջարկներ։ Այս ամենը կարող է շատ պարզ թվալ, բայց այս մարքեթինգային արշավներին մեր թիմերը պատրաստվում են երկար, մշակում են առաջարկը, ուղերձը և դիզայնի բոլոր մանրամասները։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մենք փորձել ենք բոլոր օգտատերերի համար հատուկ դարձնել մի շարք տոնական օրեր՝ Սև ուրբաթը, Հելոուինը, Ամանորը, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։
Փոփոխել ենք մեր ոճը և ուղերձը
Քանի որ նոր խելացի հարթակի հրապարակումը մոտ է, մենք պատրաստվել ենք այդ փոփոխությանը բոլոր առումներով։ Փոխվել է Ucraft-ի տեսլականը, բրենդինգը, գունային համադրությունները և նույնիսկ տառատեսակները։ Այս ամենի մասին մենք, իհարկե, դեռ կխոսենք առանձին հոդվածում, բայց պետք է նշենք, որ կա մի բան, որ մնացել է անփոփոխ․ ուշադրության կենտրոնում դուք եք՝ մեր օգտատերը։
Սկսել ենք հրապարակման աշխատանքները
Եթե հետևել եք Ucraft-ի թարմացումներին, ապա հաստատ գիտեք, որ մենք երկար ենք աշխատել նոր հարթակի հրապարակման համար։ Հասկանալով մրցակցությունը շուկայում և արդեն իսկ ունենալով փորձ հաճախորդների հետ՝ մեր առաջ խնդիր էինք դրել համադրել օգտատերերի ցանկությունները և ոլորտի այսօրվա պահանջները։ Ինչպես հասկանում եք, սխալվելու իրավունք չունեինք, և լուծումը խելացի հարթակի ստեղծումն էր։ Ucraft Next-ն իր մեջ ներառում է մի քանի կարևոր հնարավորություն, որոնք համադրվել են արհեստական բանականության կիրառման հետ։
Առաջադրանքը բարդ էր, բայց մեր թիմին հաջողվեց ստանալ ժամանակակից բազմաֆունկցիոնալ հարթակ, որը կտարբերվի և կառանձնանա մրցակիցներից։ Ucraft Next-ը շուտով կհրապարակվի, և մեր ամբողջ թիմը ուժերը կենտրոնացրել է վերջին շտկումների վրա։ Մինչ այդ, ուզում ենք տեղեկացնել, որ հարթակը հասանելի է Բետա տարբերակում և դուք նույնպես կարող եք փորձարկել այն, ծանոթանալ նոր գործիքներին և լուծումներին։
Ի դեպ, ձեր արձագանքը նույնպես կարող է որոշիչ լինել։ Դուք կարող եք ստուգել՝ արդյոք հարթակն աշխատում է ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան և կիսվել մեզ հետ կարծիքով։
Յուրաքանչյուր կարծիք և առաջարկ անչափ կարևոր է մեզ համար։
Իսկ 2023-ին պատրաստվում ենք․․
Սկսել Ucraft Creative Lab-ի աշխատանքը
Creative Lab-ը փորձարարական նախագիծ է, որի նպատակն է աջակցել հաճախորդներին և ստեղծել տարբերվող բրենդ՝ գրագետ և թիրախային դիզայնով։ Ծառայությունները կներառեն ինչպես նոր բրենդի, դիզայնի ուղեցույցների ստեղծում, այնպես էլ գործող բիզնեսի ռեբրենդինգ։ Ի դեպ, ծառայություններից կկարողանան օգտվել ինչպես բիզնեսները, այնպես էլ անհատներ։
Տեղական մի շարք բիզնեսների հետ հաջող համագործակցությունից հետո մենք որոշեցինք նախաձեռնել Creative Lab-ը՝ որպես առանձին ծառայություն, որը կներառի՝
• Կայքերի և լենդինգ էջերի ստեղծում
• Օնլայն խանութի ստեղծում և դիզայն
• Գործող բրենդի կամ կայքի ռեբրենդինգ
• Բիզնեսի շարունակական սպասարկում
Վստահ ենք՝ նոր հարթակը թույլ կտա իրագործել հաճախորդների պատկերացումներն ու ստանալ պիքսելների ճշտությամբ դիզայն։
Մուտք գործել Metaverse
Այո, առաջիկայում Ucraft Next-ը հասանելի կլինի Metaverse-ում։ Հնարավոր կլինի ծանոթանալ հարթակին, վիրտուալ աշխատակիցներին, ստեղծել նախագծեր և ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները։
Սկսել համագործակցության նոր ծրագիր
Սա հենց այն է, ինչին մեր օգտատերերից շատերը սպասում էին։ Անկախ նրանից, թե ինչ ոլորտում եք աշխատում, անհատ եք, թե գործակալության ներկայացուցիչ, կարող եք ստեղծել կայքեր և վաճառել դրանք։ Դառնալով Ucraft Next-գործընկեր՝ դուք կստանաք հասանելիություն բոլոր գործիքներին, ուղղորդման ծրագիր, անհատական սպասարկում և շատ ավելին։ Այս ծրագիրը կատարյալ կլինի ձեզ համար, եթե դիզայներ եք, ունեք որևէ գործակալություն և ցանկանում եք գումար վաստակել։ Իսկ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք սեղմել կոճակը։
Այս տարվա ամփոփումը մի փոքր երկար ստացվեց և գուցե թվա մի քիչ էլ զգացմունքային։ Հավատացեք՝ այս տարին իսկապես մեծ փոփոխություններ բերեց Ucraft-ում։ Մենք ուրախ ենք շարունակել մեր աշխատանքը՝ անկախ բոլոր բարդություններից։ Հուսով ենք, որ նոր տարին իր հետ կբերի նոր հնարավորություններ։
Հետևեք մեզ LinkedIn, Facebook, Instagram, և Twitter սոցցանցերում՝ սպասվող նորությունները բաց չթողնելու համար։
Մաղթում ենք ուրախ և խաղաղ տարի։
Սիրով՝
Ucraft թիմ