Մենք հաճախ ենք խոսում լավ և վատ գովազդի մասին, հիանում կամ քննադատում որևէ կազմակերպության մարքեթինգային հնարքները։ Ի՞նչ է առաջինը գալիս մտքին, երբ լսում ենք գովազդի մասին։ Մտաբերում ենք Ինստագրամում գովազդվող անհաշիվ գրառումները կամ քաղաքում ամեն քայլափոխին հանդիպող բաններները, թե՞ ինչ-որ տարբերվող կամ աբսուրդային դեպք։ Մեզ մոտ իսկապես պատահում են տպավորիչ գովազդներ։ Օրինակ՝ հաստատ կհիշեք «Գևորգ Եղիազարյանի քիթը», որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դե, կան հեռուստատեսային, օնլայն և այլ ֆորատներում հաջողված գովազդների տարբեր օրինակներ։ Բոլորս էլ, կարծես թե, պատկերացնում ենք, թե ինչ է գովազդը, բայց երբեմն դժվարանում ենք պատկերացնել, թե կոնկրետ ինչպես է այն աշխատում։
Լավ գովազդը պետք է լինի հիշվող, ազդեցիկ և, երբեմն, նույնիսկ ծայրահեղ՝ նուրբ լարերին դիպչող։ Եթե գովազդը փոխանցում է բրենդի ուղերձը և նպաստում բիզնեսի առաջխաղացմանը, ապա ամեն ինչ ճիշտ է մտածված. սա պարզ ճշմարտություն է։ Սակայն վերջին տարիներին, հատկապես 2020-ից հետո, գովազդի և հաճախորդներ ներգրավելու տրամաբանությունը շատ է փոխվել։ Մարտահրավերները մեծ էին Հայաստանի համար:
Անկախ բոլոր դժվարություններից՝ օնլայն գովազդի վրա ծախսվող գումարները չեն դադարում աճել։ Գործիքներն ու մեթոդները անընդհատ թարմացվում են, ստեղծվում են նոր հարթակներ, թիրախավորման նոր ձևեր։ Այս տարի թվային գովազդի ծախսերի առաջատար ԱՄՆ-ում միայն ծախսվել է մոտավորապես $200 միլիարդ։ Մեր տարածաշրջանում առաջատարը, բնականաբար, Ռուսաստանն է։ Չնայած փոքր շուկային՝ Հայաստանը նույնպես հետ չի մնում հարևաններից։
Բրենդի առաջխաղացման համար բազմաթիվ անվճար ու վճարովի գործիքներ կան: Ամենակարևորներից են SEO օպտիմալացումը, մեյլային մարքեթինգը, ինֆլուենսեր մարքեթինգը և այլն: Բոլոր ուղղությունները զուգահեռ զարգանում են, բայց գովազդը օնլայն հարթակներում վաղուց զբաղեցրել է իր հաստատուն դիրքը։
Այս հոդվածում մենք առանձնացրել ենք օնլայն հարթակներում գովազդի մի քանի կարևոր հնարավորություն ու չենք մոռացել խոսել հայկական շուկայում դրանց առանձնահատկությունների մասին։
Գովազդ սոցցանցերում
Բոլորիս համար սովորական է դարձել սոցցանցերում անհաշիվ գովազդներ տեսնելը։ Նկատե՞լ եք, որ երբեմն նույնիսկ սեղմում ենք ինչ-որ նկարի կամ գրառման՝ առանց հասկանալու, որ այն գովազդ էր։ Հարթակներն էլ սկսել են ավելի մեծ տեսանելիություն ապահովել վճարվող գրառումների համար։ Եվ այս մեծ հոսքի մեջ օրգանիկ դիտելիություն ապահովելը, համաձայնեք, դժվար է։
Դեռ տասը տարի առաջ գովազդի ձևերն այնքան տարբեր էին, իսկ այսօր փոքր բիզնեսը կարող է շատ փոքր գումարով տեսանելի դառնալ միլիարդավոր մարդկանց համար։ 2005 թվականին LinkedIn-ն, իսկ Facebook-ում գովազդները հասանելի դարձան 2007-ին։ Այստեղ են նաև Instagram-ը, Snapchat-ը, Pinterest-ը, Twitter-ը։ Այս ցանկը շարունակելի է ու ամեն մեկն ունի իր քաղաքականությունն ու տարբեր գործիքները։
Սոցցանցերում գովազդն ունի մի քանի կարևոր առավելություն․
-
Բրենդը տեսանելի է դառնում հազարավոր մարդկանց ու պոտենցիալ հաճախորդների,
-
Հնարավոր է օգտագործել ներդրված գործիքները՝ գովազդն ամենատարբեր ֆորմատներով փորձարկելու համար,
-
Փոքր ներդրումով հնարավոր է ապահովել մեծ առաջխաղացում և ավելի լավ ճանաչել հաճախորդներին։
Պետք է խոստովանել, որ կա նաև մեծ բազմազանության մեջ տարբերվելու խնդիր։ Ձեր ներդրումն, իհարկե, կապ ունի, բայց ավելի կարևոր է որակյալ քոնթենթը։ Հատկապես eCommerce բիզնեսների համար սա կարող է մեծ մարտահրավեր լինել, որովհետև այն ամենատարածված ոլորտն է։ Հենց դրա համար Facebook-ը, Instagram-ը և մի քանի այլ հարթակներ ստեղծեցին նաև ուղիղ գնման հնարավորություն։ Այսինքն՝ դուք կարող եք ունենալ օնլայն խանութ սոցցանցում ու հենց տեղում կազմակերպել վաճառքը։ Այս հնարավորությունը Հայաստանում դեռ ամբողջովին չի գործում, բայց դա ժամանակի հարց է։
Ամեն դեպքում, Facebook-ը շարունակում է մնալ ամենաշատ օգտագործվող հարթակը, ու հենց այն էլ առաջարկում է ամենաճկուն գործիքներն ու հնարավորությունները գովազդի համար։ Հաճելի պահն այն է, երբ կարող եք գովազդել (boost) ցանկացած գրառում՝ տեղում ընտրելով թիրախային խումբը, ժամկետը ու մի քանի այլ կարգավորումներ ու հետևել գովազդի արդյունքներին։ Այսպես հնարավոր է նաև Instagram-ի դեպքում։ Ամեն ինչ շատ հեշտ է ու արագ։ Բայց, բարեբախտաբար, Facebook-ի, Messenger-ի և Instagram-ի համար կա գովազդի ավելի մանրամասն պատրաստման ընդհանուր հարթակ՝ Ads Manager-ը։ Այստեղ կարգավորումներն ու գործիքներն ավելի բազմազան են, արդյունավետ գովազդի հնարավորությունները՝ ավելի մեծ։
Ի՞նչ է Ձեզ հարկավոր լավ արդյունքի համար։ Ամեն ինչ շատ պարզ է, բայց կա մի քանի կարևոր քայլ, որոնք կօգնեն ավելի արագ առաջխաղացում ունենալ։ Նախ՝ պետք է մի լավ ուսումնասիրել շուկան ու ձեր ընտրած ոլորտը, գտնել մրցակիցների ուժեղ, թույլ կողմերն ու փորձել հասկանալ ձեր պոտենցիալ գնորդի կարիքները։ Հետո կարևոր է մտածել ուղերձի մասին։ Մենք բոլորս էլ ներառված ենք տարբեր բրենդների թիրախային խմբում, բայց հաճախ ուղղակի չենք էլ նկատում գովազդը։ Այնպես որ, պետք է փորձել տարբերվել ու չլինել «հերթականը»։ Եվ վերջում, փորձեք հնարավորինս լավ վիզուալիզացնել մտքերը։ Մի քանի փորձից հետո ձեզ համար ավելի հեշտ կլինի հաշվարկել նաև գովազդի ծախսերն ու օպտիմալացնել դրանք։ Մի վախեցեք սխալվել այս հարցում, որովհետև սոցցանցերում գովազդը այսպես թե այնպես ապահովում է ներդրումների որոշակի վերադարձ։ Դե, վատագույն դեպքում, գոնե փորձառություն։
Այս ամենից հետո ձեզ մնում է հետևել վերլուծություններին, որոնք կօգնեն վերաթիրախավորել գովազդները, հասկանալ, թե ինչն է ավելի լավ աշխատում ձեր դեպքում։ Վերլուծական տվյալները, մի տեսակ, օգնում են ավելի արագ հասկանալ ու գտել եք ձեր իդեալական հաճախորդին հասնելու «բանալին»։ Facebook-ում դրա համար կարող եք օգտագործել նաև Facebook Pixel-ը, որը կարող եք հեշտությամբ կցել Ucraft-ով ստեղծված ձեր կայքին։ Մենք Ucraft-ում կարևորում ենք բիզնեսի առաջխաղացումը ու ստեղծել ենք հարմարավետ հարթակ, որտեղից հեշտությամբ հնարավոր է կառավարել ամեն ինչ։ Բացի մի քանի կարևոր վերլուծական գործիքներից՝ դուք կարող եք կայքին կցել նաև Facebook-ի և Instagram-ի հաշիվները, ակտիվացնել Pixel, Snapchat և Pinterest tag։
Այնպես որ, փորձեք բոլոր հնարավոր հարթակները, որտեղ կարող եք գտնել պոտենցիալ հաճախորդների ու մի վախեցեք սխալվել։ Ակտիվությունն ու փորձը կօգնեն ունենալ տարբերվող, արդյունավետ գովազդային արշավներ ու մե՜ծ վաճառքներ։
Գովազդ Google-ում
Հիմա, երբ արդեն ստեղծել եք ձեր կայքը, ուզում եք, որ այն հայտնվի Google-ի որոնումների առաջին տեղերում: Ճիշտ օպտիմալացումն անչափ կարևոր է, բայց երբեմն արդյունքների օրգանիկ հոսքից առաջ հայտնվում են գովազդները: Եկեք անկեղծ լինենք՝ գովազդները Google-ի շարժիչ ուժերից են: Google-ի մայր կազմակերպության՝ Alphabet-ի եկամտի ավելի քան 80%-ը ստացվում է գովազդից, և այս թիվը անդադար աճում է:
Ամեն օր այստեղ միլիոնավոր մարդիկ որոնում են ամենատարբեր ծառայություններ ու ապրանքներ: Անկախ ձեր բիզնեսի մեծությունից՝ դուք ունեք հնարավորություն փոքր գումարի դիմաց մտնել որոնման մեծ համակարգ, թիրախավորել տարբեր խմբերի, փորձարկել տարբեր արշավներ:
Google-ն աշխատում է Pay Per Click սկզբունքով: Առավելությունն այն է, որ դուք վճարում եք փաստացի քլիքի համար, պոտենցիալ հաճախորդները հեշտությամբ են գտնում ձեզ, իսկ կոնվերսիան ավելի բարձր է լինում: Հիմա մի փոքր խոսենք գովազդի տեսակներից, որ առաջարկում է Google-ը:
Google Ads-ում առաջարկվում է գովազդի 5 տեսակ.
-
Որոնման գովազդ - ամենադասական տարբերակն է, երբ ձեր գովազդը հայտնվում է որոնման արդյունքներում:
-
Դիսփլեյ գովազդ - դիսփլեյ գովազդը բաններային տեսք ունի ու կարող է տեղադրվել ինչպես Google-ի, այնպես էլ գործընկեր հարթակներում: Ապրանքների գովազդ - այս դեպքում որոնման արդյունքներում հայտնվում են գովազդվող բրենդի ապրանքները և դրանց մասին մանրամասներ՝ նկար, գին, չափս, և այլն:
-
Վիդեոգովազդ - այսպիսի գովազդ ամենից հաճախ կարելի է հանդիպել YouTube-ում: Եթե հոլովակն ընդհատվում է վիդեոգովազդով, ապա այն ստեղծվել է Google Ads-ի օգնությամբ:
-
Հավելվածների գովազդ - այստեղ արդեն ամեն ինչ պարզ է. Google-ը գովազդում է ձեր բջջային հավելվածը տարբեր հարթակներում՝ օպտիմալացնելով այն:
Պետք է չմոռանալ բանալի բառերի մասին: Google-ը թիրախավորման համար հիմնվում է բանալի բառերի վրա և դա օգնում է ավելի ճշտգրիտ արդյունքներ ցույց տալ որոնման համար:
Հայաստանում ամենից հաճախ հանդիպում են Դիսփլեյ գովազդներ: Մեզ մոտ այսպիսի ինտերակտիվ գովազդներ ավելի հաճախ տեղադրվում են բուքմեյքերական կազմակերպությունների համար: Կամ օրինակ՝ լրատվական կայքերում տեսանելի գովազդ տեղադրելու համար: Ցավոք, Google-ն ունի որոշ սահմանափակումներ, և երբեմն չի ստացվում օգտագործել հնարավորություններն ամբողջությամբ: Սակայն սա արդյունավետությանը, մեծ հաշվով, չի խանգարում:
Եթե ստեղծել եք ձեր կայքը Ucraft-ով, ապա հեշտությամբ կարող եք ակտիվացնել գովազդ և կցել Google Analytics` վերլուծական տվյալներ ստանալու համար: Պարզապես պետք է ընտրել այն տարբերակը, որն ավելի լավ կաշխատի ձեր բիզնեսի դեպքում, սահմանել թիրախային խումբ ու այլ կարգավորումներ: Ի դեպ, մենք նաև առանձնացրել ենք տարբեր ինտեգրացիաներ, որոնք կօգնեն էլ ավելի բաձրացնել վաճառքները, բարելավել կայքի աշխատանքն ու կապը հաճախորդների հետ:
Օնլայն գովազդը Հայաստանում
Մարդկանց մեծամասնության մոտ առաջին արձագանքը հիմնականում լինում է էմոցիոնալ։ Մենք հակված ենք վստահել էմոցիաներին և առաջին հերթին հենց դրանք են ազդում մեր որոշումների վրա։ Ըստ Hubspot-ի վերջին վերլուծության՝ մարդիկ ամենահիշվող համարում են այն գովազդները, որոնք ծիծաղ են առաջացնում: Առհասարակ, գովազդը պետք է որևէ էմոցիա առաջացնի և կապ ստեղծի հաճախորդի հետ: Հայաստանում մարքեթոլոգները սա վաղուց են հասկացել։ Երբեմն Facebook-ում ամենամեծ արձագանքն ունենում են հումորային գրառումները։ Բնական է, քանի որ բարդ ժամանակներում մի քիչ հումորը, ինքնահեգնանքը ու ծիծաղը շատ են պետք։ Բայց եկեք մի քիչ խորը նայենք ու փորձենք գտնել ուրիշ պատճառներ։ Հայաստանյան շուկան փոքր է, և դա ազդում է գրեթե ամեն ոլորտի վրա՝ դրական ու բացասական իմաստով։ Սակայն կան ընդհանրություններ ու կանոններ, որոնք ձևավորվել են պահանջարկի ու հնարավորությունների բերումով։ Պետք է ընդունել, որ մեր հանրությունը զգայուն է։ Սա պետք կգա և՛ շուկայի ուսումնասիրման, և՛ ձեր արժեքների ճիշտ ներկայացման հարցում։ Հատկապես նոր բիզնես կամ բրենդի դեպքում կարևոր է մանրամասն նախագծել մարքեթինգային արշավը․ առաջին տպավորությունը շատ կարևոր է։ Մեր փոքրիկ շուկայի համար մենք հասցրել ենք ունենալ հարյուրավոր մարքեթոլոգներ, ովքեր փորձում են ստեղծել յուրօրինակ բրենդներ, արշավներ։ Այս գործոնները հաշվի առնելով իսկապես կարելի է ստանալ աչքի ընկնող գովազդ։
Նկատե՞լ եք, որ Հայաստանում երբեմն ամեն ինչ շատ ավելի խիտ ու արտահայտված է թվում, քան իրականում կա։ Ցանկացած երևույթ մենք սիրում ենք գովել կամ քննադատել սրտանց, եռանդով ու միասնաբար։ Հաստատ մի դեպք էլ դուք հիշեցիք։ Գիտենք, գիտենք․․
Մեծ արձագանք լինում է հատկապես սոցցանցերում գովազդների դեպքում, քանի որ ամենաակտիվ օնլայն համայնքը հենց այստեղ է: Վերջերս մարքեթինգային հաջող արշավների մեջ առանձնացավ Oriflame-ի՝ գեղեցկության ստանդարտների մասին նոր արշավը: Այստեղ կար ուղերձ, գրագետ ու էսթետիկ մատուցում, ինչը շատ գնահատվեց ու մեծ արձագանք ունեցավ: Կարևոր է նաև, որ այդ պատմություններում մարդիկ տեսան իրենց ու շարունակեցին նույն ալիքը՝ տարածելով սեփական նկարները:
2020-ից հետո գործը մի փոքր բարդացել է, քանի որ օգտատերերը երբեմն քննադատում են պարզապես գովազդ տեղադրելու համար։ Այո, մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց հավատացեք, որ ոչինչ առանձնապես չի փոխվի, եթե բիզնեսները չփորձեն զարգանալ ու գրավել մարդկանց ուշադրությունը։
Իրականում, պատճառը ոչ միայն արձագանքներն են, այլ նաև տարբեր փուլերում շուկայական հարաբերությունները։ Օրինակ՝ եթե նախորդ ընտրությունների շրջանում մտել եք որևէ կայք, ապա նկատել եք թեմատիկ բաններային գովազդների քանակը։ Լրատվական կայքերում երբեմն հնարավոր չէր կարդալ հոդվածները, որովհետև նույնիսկ էջերն էին ամբողջությամբ ծածկված գովազդով։ Այսպիսի ժամանակներում կարող է փոխվել գովազդի արժեքը, լսարանի արձագանքն ու գովազդի դիտելիությունը։ Նորից փորձություն գովազդատուների համար, բայց լավ է, որ ժամանակավոր։
Վերջերս աղմուկ էր բարձրացել նաև գովազդի մասին օրենքի փոփոխության պատճառով։ Ըստ նոր նախագծի՝ շուտով պետք է հարկվեն նաև օնլայն հարթակում տեղադրվող գովազդները։ Նոր օրենքն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Բայց եկեք լավ տրամադրվենք ու հավատանք, որ այն ավելի շատ օգուտ կբերի։
Անկախ շուկայի առանձնահատկություններից ու փոփոխություններից՝ այս ոլորտը դեռ ձևավորման փուլում է ու զարգանալու շատ հնարավորություններ ունի։ Մեր խորհուրդն է պարզապես սիրել ձեր գործը, և ամեն ինչ կստացվի։ Մենք սիրում ենք քննադատել, բայց կան նաև շատ առավելություններ, որոնց մասին պետք չէ մոռանալ։
Դե, հուսով ենք, որ հոդվածը հետաքրքիր էր և օգտակար։ Ժամանակն է զարգացնել ձեր մտքերն ու զարգացնել ձեր բիզնեսը: Եթե դեռ չեք սկսել, ապա առաջին քայլը նոր կայքն է: