Մտածե՞լ ես, թե ի՞նչ կոնտենտ գրել քո վեբկայքի բլոգի համար։ Հավատա՝ դա կարևոր գործ է։ Որակյալ կոնտենտը ներկայումս մեծ ազդեցություն ունի։ Իսկ դա նշանակում է, որ գրածդ պետք է ոչ միայն տեղեկատվական լինի, այլ նաև ներգրավվի մարդկանց։ Ստեղծելու համար ներգրավվող ու հետաքրքիր կոնտենտ, կարդա այս խորհուրդները։
Իսկ ի՞նչ ասել է` ներգրավվող կոնտենտ: Սա հիմնականում վերաբերում է այն բիզնեսներին, որոնք փորձում են տրամադրել տեղեկություն իրենց ապրանքների կամ ծառայությունների մասին, գրում ուղեցույցներ, մասնագիտանում սոցիալական մեդիայի զարգացմամբ կամ նախաձեռնում էլեկտրոնային նամակների մարքեթինգային արշավ (email campaign)։ Այսինքն՝ փորձում ձեռք բերել նոր հաճախորդների։
Դե իսկ եթե դու ունես օնլայն բիզնես, ապա կարևոր է, որ ունենաս բլոգ։ Վերջինս ոչ միայն ավելի լավ դիրքեր կապահովի որոնողական համակարգերում, այլ նաև կտա քո այցելուներից շատերի հարցերի պատասխանները։
Այս պարագայում ամենակարևորն այն է, որ գրագետ գրված ու ինֆորմատիվ բլոգը դառնա քո բիզնեսի այցեքարտը՝ ոչ միայն մարդկանց տեղեկացնելով քո ապրանքի կամ ծառայության մասին, այլ նաև դարձնելով նրանց հաճախորդ։
Հիմա երբ հասկացանք, թե ինչ է ներգրավվող կոնտենտը, ճիշտ ժամանակն է հասկանալ, թե ինչպես ստեղծել այն:
Ի՞նչ են մտածում քո ընթերցողները
Նախ և առաջ, կոնտենտը, որը դու փորձում ես ներկայացնել, պետք է տեղեկատվական լինի, չէ՞։ Որոշ դեպքերում բիզնեսների ներկայացուցիչներն այն դիտարկում են որպես թրաֆիկը մեծացնելու հիանալի միջոց։ Դե դա էլ է ճիշտ, բայց միայն դրա վրա հենվելը, մեղմ ասած, խելամիտ չէ։ Հիշիր, որ “Content is king” ու առաջնորդվիր այս սկզբունքով։
Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Հիշու՞մ ես, թե ինչ կառուցվածք ունեին այն նորությունները, որոնք վերջերս կարդում ես։ Տեղեկատվակա՞ն էին։ Երևի թե այո։ Դա այն պատճառով է, որ բլոգգերները և լրագրողները ունեն հիմնականում մեկ նպատակ՝ տեղեկացնել, ինչպես նաև ներկայացնել որևէ թեմայի մասին մանրամասներ, չէ՞ որ հենց դա է ուզում ընթերցողը։
Գուգլը նշել է բարձր որակով առանձնացող կոնտենտի կարևորության մասին, ինչի շնորհիվ նմանատիպ կայքերին առավել բարձր դիրքեր է տրամադրում։ Իսկ եթե մտածում ես, թե ինչպես դու էլ աչքի ընկնես այս հարցում, Գուգլը տալիս է դրա պատասխանը։ Եթե ուզում ես, որ քո կոնտենտը համարվի «լավը», ապա.
- Վեբկայքիդ էջերը ստեղծելիս կենտրոնացիր օգտատերերի վրա, այլ ոչ որոնողական համակարգերի ալգորիթմների։
- Մի շփոթեցրու քո օգտատերերին։
- Խուսափիր որոնողական համակարգերում բարձր դիրքերի մրցավազքից։ Արդյո՞ք այն, ինչ գրում ես, կօգնի քո օգտատերերին, թե՞ ուղղված է որոնողական համակարգերին «դուր գալուն»։
- Մտածիր, թե ինչպես դարձնես քո վեբկայքը յուրահատուկ, արժեքավոր ու ներգրավվող։ Աշխատիր տարբերվել տվյալ ոլորտի մյուս վեբկայքերից քո կոնտենտով։
Եթե հետևես այս կետերին, ապա կարող ես հանգիստ լինել, որ քո վեբկայքի կոնտենտը ավելի լավ արդյունքներ կգրանցի։ Կարող ես ամբողջական ցուցակը տեսնել Գուգլի ուղեցույցում՝ ավելի լավ պատկերացում կազմելու ու քո կոնտենտը բարելավելու համար։
Ի վերջո, եթե կենտրոնանաս այն մտքի վրա, թե ինչ են մտածում քո ընթերցողները, ուշադրություն դարձրու ներկա թրենդներին, ինչպես նաև, թե քո այցելուներն ինչն են հաշվի առնում առօրյա կյանքում։
Օրինակ՝ եթե դու ավտոարտադրող ես ու ոլորտում շատ մրցակիցներ ունես, ապա բլոգ ունենալով, որում կխոսես վարորդների անվտանգության մասին կամ մեքենաների տարբեր խափանումների մասին, բավականին լավ մտքեր կտաս։ Կարող ես նաև ավելի հետաքրքիր ու նորարար հոդվածներ ավելացնել, ինչը կերաշխավորի, որ քո ընթերցողները միշտ կհետևեն քո գրառումներին։
Աշխատիր կայքի SEO-ի վրա
Ներկայումս SEO-ն ավելին քան կարևոր է, իսկ որոշ էլեմենտներ, օրինակ՝ վերնագրերը, իսկապես կարող են ազդել քո բլոգի որոնողականությանն ու վստահելիությունը։ Այնպես որ ժամանակ տրամադրիր և փոփոխիր քո բլոգի վերնագրերը ու ենթավերնագրերը՝ հաշվի առնելով բանալի բառերը։
Օրինակ՝ Գուգլն առաջինը ինդեքսավորում է ‘Title’-ը, ինչը հենց հուշում է, թե ինչի մասին է տվյալ էջը։
Հաջորդիվ, ուշադրություն դարձրու Մետա թեգերին։ Վեբ էջի վերնագիրն ամփոփում է քո էջի կոնտենտը, որը կարող ես խմբագրել՝ դարձնելով 320 սիմվոլի չափով։ Հենց այդ չափով սիմվոլ էլ երևում է որոնողական համակարգերում։
Հղումների ստեղծումը (link building) SEO-ի մյուս կողմն է, որը ևս կարևոր է քո կայքի տեսանելիության հարցում։ Ինչքան շատ հղումներ այլ կայքերում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ լավ դիրքեր գրավես որոնողական համակարգերում։
Մի բան էլ. եթե ուզում ես բլոգիդ SEO-ն տեղը տեղին արվի, ապա վստահ եղիր, որ քո կայքը օպտիմիզացված է ոչ միայն դեսքթոփ տարբերակի, այլ նաև այլ սարքերի համար, հատկապես մոբայլի համար։ Օգտագործիր մետա թեգերը բոլոր հասանելի տեղերում, մասնավորապես՝ նկարների վրա, իսկ վերջում ստուգիր, թե ինչքան արագ է բեռվում կայքդ Գուգլից առաջարկվող Page Speed Insights գործիքի միջոցով։
Ոչ մի երկար-բարակ տեքստ
Քո բլոգի կոնտենտի ստեղծումը իրապես տարբերվում է այլ տեսակի տեքստերից։ Դե օրինակ՝ եթե ուզում ես որակով առանձնացող կոնտենտ ունենալ, վստա՞հ ես, որ պետք է գրել երկար նախադասություններով անվերջ տեքստեր։ Կարճ ասած՝ իհարկե ոչ։ Եթե համաձայն չես, փորձեմ բացատրել ինչու։
Միշտ էլ հաճելի է կարդալ գրագետ տեքստեր։ Ամեն դեպքում երկար-բարակ նախադասությունները, որոնք էջի կեսն են զբաղեցնում, բավականին հոգնեցնող են ու ընթերցողները դժվար թե կենտրոնացած շարունակեն կարդալ։ Արդյունքում՝ դու կորցնում ես քո լսարանը։ Տխուր է, բայց փաստ։
Մտածիր հենց քո օրինակով։ Արդյո՞ք դու կկարդաս նմանատիպ երկար տեքստեր ու չես ձանձրանա։ Երևի թե՝ ոչ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է մի պարբերություն լինի էջում, ուղղակի պետք է խուսափել տաղտկալի տեքստերից ու քո ընթերցողներին տրամադրել թեթև ու հետաքրքրական կոնտենտ։
Իրականում, նաև պետք է հաշվի առնել, որ մարդկանց ուշադրությունը գրավելու համար դու ունես ընդամենը 8 վայրկյան այդ ուշադրությանը արժանանալու համար։ Համենայն դեպս, այդ եզրակացությանն է հանգել Microsoft-ի հաճախորդների սպասարկման թիմը։ Գիտեմ՝ շատ չէ, բայց լավ կոնտենտի դեպքում այս ութ ակնթարթում դու կարող ես գրավել նոր ընթերցողների։
Այլ խոհուրդներ բլոգգինգի վերաբերյալ
Բլոգ հրապարակումներ գրելիս վստահ եղիր, որ ունես քո առջև դրած նպատակ, որի արդյունքում կարող ես համապատասխան ազդեցություն ունենալ քո ընթերցողների շրջանում։ Իսկ ազդեցություն ասելիս նկատի ունեմ, որ ավելացնես քո ապրանքի կամ ծառայության վաճառքը, բարձր դիրքեր գրավես որոնողական համակարգերում կամ պարզապես տեղեկացնես քո բիզնեսի գոյության մասին։
Սա նշանակում է, որ դու պետք է գրես նախապես որոշած լսարանի համար՝ հասկանալով, թե ովքեր են նրանք, ինչ նախընտրություններ ունեն, որոնց մասին սիրով կկարդան, որից հետո նոր կենտրոնանաս կոնտենտի ստեղծման վրա։ Իսկ եթե սկսնակ ես այս ոլորտում, ապա խորհուրդ կտամ ունենալ մանրամասն նկարագիր, թե ինչի մասին գրել։
Մի խորհուրդ էլ սկսնակներին՝ կարդա։ Տրամաբանական է, չէ՞։ Ինչքան շատ կարդաս մարքեթինգի, օնլայն բիզնեսի և վաճառքների մասին բլոգեր, այնքան ավելի լավ պատկեր կստանաս, թե որտեղ ավելացնես ներգրավվող կոճակներ կամ այլ կարևոր կոմպոնենտներ, օրինակ՝ նկարներ, վիդեոներ և այլն։
Փորձառու խորհուրդներ
Բացի այս ամենից, կարող ես ծանոթանալ նաև թվային մարքեթինգում ու բլոգի կոնտենտի ստեղծման հարցում գուրու Լյուսիի խորհուրդներին, որը հաստատ քեզ կօգնի այս հարցում։
- Պետք է վարպետանալ այն պլատֆորմում, որն ընտրել ես քո բլոգի համար։ Նշեմ մի քանիսը՝ արդեն պատմություն դարձած Blogger-ը, Medium-ը, որն, ի դեպ, Հայաստանում բավականին ճանաչված է դարձել, Tumblr-ը՝ վիզուալ կոնտենտի համար։ Ucraft-ում նույնպես կա բազմաֆունկցիոնալ բլոգ ստեղծելու հնարավորություն։ Անկախ նախընտրած հարթակից՝ քո աշխատանքն ուղղակի ջուրը կընկնի, եթե չտիրապետես տվյալ պլատֆորմի նրբություններին։
- Թերևս ամենակարևոր խորհուրդը, որ կարող եմ տալ հայ վեբմաստերներին այն է, որ պետք է պահել արդիականությունը կամ ուղղակի “stay relevant”։ Ստեղծիր կոնտենտ քո նիշում արդիական ու հետաքրքիր թեմաների մասին։ Հավատա՝ «7 խորհուրդ թվային մարքեթինգի մասին» վերնագրերով բլոգի դարաշրջանն արդեն անցյալում է։ Օգտվիր Google Trends-ից կամ Google Alertic-ից կամ էլ Buzzsumo-ի ֆունկցիոնալ գործիքից, որպեսզի միշտ տեղյակ լինես, թե ինչ է պետք ավելացանել քո բլոգում։
- Մի քիչ ժամանակ էլ հատկացրու քո բլոգի վերլուծությանը՝ ընթերցողների թիվը, դեմոգրաֆիան, ամենահաճախ այցելությունների ժամերը, ընթերցողների միջին ծախսած ժամանակը քո բլոգի էջերում… Այս տեղեկությունը քեզ շատ կօգնի, որպեսզի հետագայում քո ընթերցողների համար հետաքրքիր ու պիտանի կոնտենտ ստեղծես։
100 մարդկանց մեջ կա մեկը, որին կհետաքրքրի քո կոնտենտը, և հավանականությունը մեծ է, որ նա փնտրում է հենց քեզ ու քո բլոգը ինչ-որ որոնողական համակարգով։
Բլոգ գրելն, ըստ իս, հավես գործ է։ Մնում է չմոռանաս գրածդ ընկալել ընթերցողի աչքերով ու ինքդ քեզ հարց տաս՝ արդյոք այն ներգրավվող է կամ հետաքրքրեցնող։ Եթե փորձես օգտվել այս բլոգգինգ խորհուրդներից, ապա կարող եմ վստահեցնել, որ կնկատես ընդհանուր առաջընթաց գործումդ, ինչու չէ նաև կավելացնես քո կայքի թրաֆիկը ու կգրավես Գուգլի սիրտը։