Իսկ դուք ի՞նչ ընկերություններից եք կատարում գնումներ՝ տեղակա՞ն, թե՞ միջազգային։ Շատ դեպքերում բոլորս նախընտրում ենք առաջին տարբերակը։ Նույն կարծիքին է նաև BrightLocal-ը, որը պարզել է, որ սպառողների 69%-ն ընտրում է տեղական բիզնեսների առաջարկները։
Եթե դուք հայաստանյան փոքր կամ միջին բիզնես ունեք ու փորձում եք ավելի շատ հաճախորդներ ձեռք բերել, ուրեմն ձեզ համար կարևոր կետերից պետք է լինի լոկալ SEO-ն։ Չէ՞ որ աչքի ընկնելու ձևերից մեկը հենց որոնողական համակարգերում առաջնային դիրքեր ունենալն է։
Մենք էլ կօգնենք ձեզ այս հարցում ու ներկայացնենք, թե ինչպես օպտիմիզացնել ձեր բիզնեսի վեբկայքը, որպեսզի հայտնվեք տեղական շուկայի ուշադրության կենտրոնում։
Ի՞նչ է լոկալ SEO-ն
Նախ և առաջ, եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում լոկալ SEO-ն։ Պատահել է չէ՞, որ փորձել եք գտնել մոտակա էլեկտրոնիկայի խանութը, սրճարանը կամ թե որտեղից գնել ձեր նոր հեծանիվը։ Եվ առաջինն, ինչ անում ենք, դա մեր սմարթֆոնով կամ լեփթոփով տեղեկություն փնտրելն է, այնպես չէ՞։
Հենց այդ պահին էլ գործ ենք ունենում լոկալ SEO-ի հետ, որի նպատակը ձեր կայքը Գուգլի առաջին էջում ցույց տալն է՝ տեղական հարցումների դեպքում։ Հենց այդ հարցումներն էլ ցույց են տալիս, որ ձեր ապրանքի կամ ծառայության համար պահանջարկ կա։ Ձեզ մնում է միայն ուղղորդել մարդկանց՝ ձեր բիզնեսը տեղը-տեղին ներկայացնելով։
Այսինքն՝ դասական դարձած դեղին էջերի գովազդներին մեր օրերում փոխարինում է լոկալ SEO մարքեթինգը։ Իսկ հիմա պատմենք մի քանի քայլի մասին, որը կօգնի ձեզ այս հարցում։
Ստեղծեք լոկալ բիզնեսը ներկայացնող պրոֆիլներ
Հաճախորդներից բացի, Գուգլի ուշադրությունը գրավելու համար անհրաժեշտ է «ներկա» լինել որոշ հարթակներում։ Ցանկացած ապրանք կամ ծառայություն ներկայացնելու դեպքում պետք է ինքներդ նշեք ձեր իսկ բիզնեսի մասին համապատասխան հարթակներում։ Ուղղակի վստահ եղեք, որ ճշգրիտ տեղեկություն է ներկայացված բոլոր տեղերում։ Եկեք սկսենք ամենակարևորից՝ Google My Business-ից։
Google My Business
Գուգլի այս գործիքից օգտվելը հեշտ է և արագ, որի դիմաց ձեր բիզնեսի օնլայն տեսանելիությունը անհամեմատ ավելանում է։ Այն հնարավորություն է տալիս ցույց տալ ձեր բիզնեսի անունը, հասցեն, հեռախոսահամարը, հասանելի ժամերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ։
Նախ, գրանցվեք Google My Business-ում՝ սեղմելով “Start Now” կոճակը։ Հաստատումից և Գուգլի ցուցումներին հետևելուց հետո դուք պետք է.
- լրացնեք ձեր բիզնեսի մասին թարմացված տեղեկությունը,
- նշեք ձեր հասցեն Google Maps-ի վրա,
- հնարավորություն ունենաք թարմացնել ցանկացած տվյալ, օրինակ՝ բացման և փակման ժամերը, եթե դրանք փոփոխվում են,
- ավելացնեք նկարներ, որպեսզի լավագույնս ներկայացնեք ձեր բիզնեսը։
Այս ամենը լրացնելուց հետո 14 օրվա ընթացքում Գուգլը կուղարկի վերիֆիկացիայի կոդ ձեր ֆիզիկական հասցեին։ Հենց դրանից հետո միայն ձեր բիզնեսը կգրանցվի ու կերևա Գուգլի որոնումների ցանկում։
Բացի այսքանից, կարող եք նաև աչքի անցկացնել Գուգլի ուղեցույցը՝ ձեր բիզնեսն ավելի օպտիմալ ներկայացնելու համար։
Դեղին էջեր
Մեկ այլ կարևոր հարթակ է Սփյուռը, որի օգնությամբ կարող եք ներկայացնել ձեր բիզնեսը տեղական շուկայում։ Այստեղ առկա են հայաստանյան բիզնեսների մեծ մասը՝ իրենց հասցեներով, հեռախոսահամարներով, կայքի հղումներով և այլն։ Ձեզնից պահանջվում է գրանցել ձեր կազմակերպությունը, լրացնել տվյալները և վերջ։
Մեկ այլ տարբերակ է Yell-ը, որտեղ կազմակերպություն գրանցելը բավականին հեշտ է։ Անհրաժեշտ է ուղղակի սեղմել «Գրանցել կազմակերպություն» կոճակը, լրացնել ողջ տեղեկությունը ձեր բիզնեսի վերաբերյալ և հաստատել։ Դրանից հետո Yell-ի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ և կտեղադրեն լրացրած տեղեկությունն իրենց կայքում։
Հաճախորդների կարծիք
Ցանկացած հարթակում գրանցվելիս պետք է հաշվի առնել հաճախորդների կարծիքը, որոնք դուք կստանաք ձեր ծառայությունը մատուցելուց հետո։ Կարծիքների կարևորությունը աճում է ամեն օր։ Բացի նրանից, որ մարդիկ կարդում են կարծիքները, դրանք «կարդում է» նաև Google-ը։ Իսկ դա նշանակում է, որ դրանք դրական կազդեն նաև SEO-ի վրա։
Եթե արդեն ունեք «հավատարիմ հաճախորդների» ձեր ցանկը, ապա կարող եք խնդրել նրանց թողնել իրենց կարծիքը Գուգլում և սոցցանցերում։ Նաև չմոռանաք պատասխանել բոլոր կարծիքներին՝ լինի դրական, թե բացասական արձագանք։
Կատարեք SEOպտիմիզացիա
Հետ վերադառնանք վեբկայքին։ Որոնողական համակարգերի օպտիմիզացիան պետք է սկսել կայքում առկա տեղեկություններից և մետա տվյալներից։ Ինդեքսավորելուց Գուգլը ստուգում է տվյալների ճշգրտությունը, այնպես որ վստահ եղեք, որ ամեն ինչ հստակ նշված է։
Բայց մի րոպե, արդեն ունե՞ք կայք ձեր բիզնեսի համար։ Եթե ոչ, ապա վաղուց ժամանակն է։ Կա հեշտ տարբերակ՝ Ucraft-ը։ Ucraft վեբկայքերի բիլդեռը կօգնի բազմաֆունկցիոնալ ու պրոֆեսիոնալ կայք ունենալ հաշված ժամերի ընթացքում։ Բացի դրանից, Ucraft-ում կա SEO հավելված, որի օգնությամբ կարող եք հեշտ ու արագ օպտիմիզացնել ներկայքային SEO-ն (on-site SEO)։ Պետք է գրեք մետա վերնագիրը, նկարագրությունը և ավելացնեք էջի նկարը։
Այս ամենը սկսեք ավանդական SEO կանոններին հետևելով, իսկ դրա համար պետք է.
- բանալի բառերի ուսումնասիրություն
- բանալի բառ H1-ում
- բանալի բառ վերնագրի թեգում
- բանալի բառ հղումի մեջ
- կարճ և բովանդակալից հղումներ
- գրավիչ մետա նկարագրություն
Բացի դրանից, ձեր կայքում ավելացրեք hreflang թեգը hy-am ենթաթեգով, ինչը ցույց կտա, որ ձեր կայքը որ լեզվով է և թե որ ռեգիոնին է համապատասխանում՝ ըստ իր լեզվի։ Սա ևս կօգնի լոկալ SEO-ի հարցում։
Օպտիմիզացիան սկսեք հենց կայքի անունից, բոլոր էջերի վերնագրերից և, դե իհարկե, մետա վերնագրից ու նկարագրությունից։ Լոկալ SEO-ի դեպքում կարող եք նաև նշել «Երևան», «Հայաստան» բանալի բառերը՝ ավելի շեշտելով ձեր դիրքը տեղական շուկայում։
Եկեք չմոռանանք նաև դոմեյնի ընտրության հարցը, ինչի համապատասխան լինելը կօգնի ոչ միայն SEO-ին, այլ նաև բրենդի ճանաչելությանը։ Այնպես որ, երկար մտածեք դոմեյն ընտրելիս։
Ավելացրեք Schema Markup
Սա այդքան էլ դժվար գործ չէ։ Այն ուղղակի Գուգլին հավելյալ տեղեկություն է տալիս ձեր բիզնեսի կամ կայքի մասին, որպեսզի ավելի հստակ տվյալներով ներկայացվի ձեր կայքը։ Այս հարցում Ձեզ կօգնի Google’s Structured Markup Helper-ը։
Ցանկից նշեք “local businesses” տարբերակը, նշեք վեբկայքի էջերից մեկը և սեղմեք “start tagging”։
Այսքանը։ Իսկ հիմա եկեք հասկանանք էլ ինչ կարելի ա ձեռնարկել, որպեսզի ավելի տեսանելի լինի ձեր բրենդն ու վեբկայքը։
Բոնուս. Գրանցեք ձեր բիզնեսը սոցիալական ցանցերում
Facebook-ի, Instagram-ի և այլ սոցցանցերի հաջողությունների մասին խոսելն արդեն անտեղին է, քանի որ դրանք օրեցօր ավելի հզոր գործիք են դառնում բիզնեսների համար։ Դրանց միջոցով ոչ միայն ներկայացնում եք ձեր բիզնեսը, այլ նաև ֆիլտրում ձեր լսարանը։ Այդ իսկ պատճառով օգտատերերին առավել հասանելի են լինում տեղական լուրերը, գրառումները, ինչից կարող եք օգտվել նաև դուք։
Սկսեք Facebook Business էջ ստեղծելուց, որտեղ բիզնեսի տեսակ պետք է նշել Local Business or Place։ Հետո նշեք ձեր հասցեն, վեբկայքը, հեռախոսահամարը և վերջում ավելացրեք համապատասխան նկարներ՝ ձեր լոգոյով և որակյալ պատկերներով։
Բոլոր սոցցանցերում եղեք ակտիվ և գրառումներ կատարեք։ Գուգլը սովորաբար որոնումների էջում ցույց է տալիս հիմնական սոցհաշիվները, ինչի շնորհիվ էլ կարող եք կայքի թրաֆիկ ապահովել։ Բացի դրանից, հնարավոր է, որ ձեր բրենդի անունով սոցհաշիվներ բացվեն և օգտագործվեն ոչ համապատասխան պայմանների համար։
Եկեք նաև չմոռանանք, որ սոցիալական ցանցերը ինտերակտիվ հարթակներ են, այսինքն կարող եք հեշտությամբ կապ հաստատել հաճախորդների հետ։
Մի հուշում էլ տանք. Facebook Ads-ի օգնությամբ ցածր գներով կարող եք հաճախակի գովազդ միացնել, քանի որ հայաստանյան շուկայի համար $2-ից պակաս գումար կարող եք ծախսել։
Հետ մի մնացեք տեղական իրադարձություններից ու թրենդերից
Ի տարբերություն միջազգային շատ մեծ ընկերությունների, որոնց ակցիաների հիմքում, օրինակ՝ ամերիկյան տոներն են, դուք կարող եք տեղական իրադարձությունների հիմքում հնարավորինս լավ ներկայանալ։ Կարող եք նաև կազմակերպել ձեր իսկ իվենթը, ինչի շնորհիվ կարող եք գրավել շատերի ուշադրությունը։
Մեկ այլ տարբերակ է սոցցանցերում թրենդերին հետևելը։ Լավ օրինակ է Մերսեդեսի գովազդը, որի շուրջ իրենց բրենդը գովազդեցին շատ ընկերություններ, որոնց թվում և մրցակից ընկերություններ։
Ինչու՞ է այս տարբերակը գործում։ Չէ՞ որ տեղական նորություններն ավելի արագ են տարածվում և ավելի շատ մարդիկ են իմանում դրանց մասին։ Պետք է փորձեք ձեր բիզնեսը կապել դրական նորությունների հետ կամ առաջարկեք մի որևէ լուծում խնդիրների առկայության դեպքում։ Այս ձևով ավելի շատ մարդիկ կիմանան ձեր բրենդի մասին, ինչը դրական կազդի վաճառքների վրա։
Դե հիշեք, որ խոշոր միջազգային ընկերությունները երկար կյանք ունեն։ Դուք ևս կարող եք մեծ հեռանկարներ ունենալ՝ չնայած տեղական շուկայի սահմանափակ լինելուն։ Բայց նաև փորձեք ավելին անել, ինչը կգրավի հայաստանյան շուկայի ուշադրությունը։ Սկսեք ձեր վեբկայքի ստեղծումից, իսկ եթե արդեն ունեք կայք, ապա օպտիմիզացրեք այն, որից հետո փորձեք աչքի ընկնել նաև սոցցանցերում ու օֆլայն իրադարձություններում։
Գուդ լաք...