Կայքերը շարունակում են մնալ օնլայն ներկայության կարևոր գործոններից մեկը: Աշխարհում այս պահին գործում է գրեթե 2 միլիարդ տարբեր կայք ամենատարբեր ծառայությունների ու նախագծերի համար: Բիզնես սկսելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ ինչպիսի կայք է հարկավոր հենց ձեր բրենդին:
Մենք այս հոդվածում առանձնացրել ենք մի քանի ուղղություններ, որոնք այսօր ակտուալ են և պահանջված: Նաև նշել ենք այն գործիքները, որոնք կօգնեն կայքի առաջխաղացման գործում՝ անկախ ընտրած ոլորտից: Ճիշտ հարթակի ընտրության դեպքում դուք ինքներդ կարող եք ստեղծել կայք ձեր բրենդի համար. լենդինգ էջերից մինչև օնլայն խանութ, պորտֆոլիոյից մինչև բլոգ: Եթե միտքն արդեն կա, ապա ձեզ մնում է միայն մոնետիզացնել կայքի հաջողությունները:
Դե ինչ, սկսենք:
Լենդինգ էջ
Լենդինգ էջերը մեկ էջից բաղկացած կայքեր են, որոնք հիմնականում օգտագործվում են մարքեթինգային արշավներում: Այս էջերում կարևոր են աչքի ընկնող, բայց պարզ դիզայնը, ինֆորմացիայի ճիշտ դասավորությունը և CTA (call-to-action) կոճակները: Լենդինգ էջերն ունեն մի քանի առանձնահատկություն՝ անկախ ընտրված ոլորտից: Հիմնականում այսպիսի կայքերն օգտագործվում են նոր այցելուների ավելացման նպատակով (lead generation): Սակայն սա կարող է նաև լինել մատչելի հնարավորություն օնլայն հրավերների կամ բրենդի ներկայացման համար:
Այսպիսի լենդինգ էջերի համար կարող եք օգտագործել Ucraft-ի East-ate կամ EVENTIVE նմուշները: Ի դեպ, այս նմուշներում կարող եք ակտիվացնել անալիտիկ գործիքներ, որոնք էլ ավելի կհեշտացնեն ձեր գործը` հաճախորդների գործողություններին հետևելու հարցում:
Անհատական բլոգ
Բրենդի և հատկապես անհատական բրենդի հաջողության համար բլոգը մեծ նշանակություն ունի: Այստեղ բովանդակությունը կարևոր է ներգրավվածության, հաճախելիության և SEO-ի տեսանկյունից:
Մարքեթինգային գործիքները բազմաթիվ են, բայց այսօր ինֆլուենսերների համար կա հիանալի հնարավորություն աշխատել ոչ միայն սոցցանցերում, այլ նաև կայքերի միջոցով:
Անհատական բլոգի օգնությամբ դուք կարող եք կիսվել ձեր մտքերով և ձևավորել հավատարիմ լսարան: Սա կօգնի ձեռք բերել հեղինակություն, դառնալ հայտնի և ազդեցիկ ձեր ոլորտում և, իհարկե, վաստակել գումար թե՛ գովազդների, թե՛ քոնթենթ մարքեթինգի միջոցով:
Ucraft-ում բլոգինգի համար նախատեսված նմուշներից կարող եք ընտրել KYOTO-ն: Այստեղ կա բլոգի հարթակ հյուրերի հոդվածների համար, բաժանորդագրման հնարավորություն, օպտիմալացում, և, որ ամենակարևորն է, տարբերվող դիզայն:
Օնլայն խանութ
Օնլայն վաճառքի ծավալներն աշխարհում չեն դադարում աճել: Հայաստանում ևս օնլայն վաճառքի շուկան մեծանում ու զարգանում է: Չնայած՝ Հայաստանում օգտատերերի ընդամենը 15.4%-ն է կատարում օնլայն գնումներ, բայց օնլայն խանութների թիվն ու ոլորտների ընդլայնումը շատ խոստումնալից են: Մարքեթինգային ճիշտ ռազմավարությունը և թրենդային դիզայնը կօգնեն հասնել ձեր թիրախային խմբին, ապահովել հաճախելիություն և վաճառքներ: Իհարկե չպետք է մոռանալ նաև ապահով վճարումների, առաքման ծառայությունների և որակյալ սպասարկման մասին:
Դե իսկ մենք տրամադրում ենք այն գործիքները, որոնք պետք են պրոֆեսիոնալ օնլայն խանութ ստեղծելու համար: Այս ամենը հասանելի է Ucraft-ի այն փաթեթներում, որոնցում կա eCommerce հնարավորություն:
Օնլայն խանութը ծախսատար չէ և ունի մի շարք առավելություններ, որոնք չունի ֆիզիկական խանութը: Ձեր ծառայությունից կարող են օգտվել օրվա ցանկացած ժամի, աշխարհի ցանկացած կետից: Դուք կարող եք նույնիսկ ստեղծել դրոփշիփինգ բիզնես և ստանալ եկամուտ՝ առանց ապրանքների կամ դրանց առաքման մասին մտածելու: Այս բիզնես մոդելը ևս սկսել է տարածվել Հայաստանում ու կան հաջողված օրինակներ:
Դուք ունեք մեծ ընտրություն, բայց կարևոր է ընտրել այն նմուշը, որն ավելի հարմար է վաճառքի ձեր ոլորտին: Օրինակ՝ HOSK-ը իդեալական տարբերակ է աուդիոտեխնիկայի խանութի համար. դինամիկ գույներ, հարմար UX և ապրանքների խմբագրման պարզ վահանակ: Իսկ C-store էսթետիկ նմուշը հարմար է ձեռագործ աշխատանքների վաճառքի համար: Դիզայնի նոր լուծումները կարող են էլ ավելի գրավիչ դարձնել ձեր բրենդը և կայքը:
Բիզնես
Պրոֆեսիոնալ կայքը կարող է լինել ցանկացած բիզնեսի այցեքարտը: Գրագետ ու աչքի ընկնող կայքն ազդեցություն է ունենում մարդկանց ընտրության վրա և ձևավորում է վստահություն: Ռեստորանները, սրճարանները, գործակալությունները, նույնիսկ գեղեցկության կամ տատու սրահները ունեն իրենց ծառայությունները ներկայացնելու անհրաժեշտություն: Իսկ եթե նայենք սպառողի աչքերով, հաստատ ավելի նախընտրելի են այն բրենդները որոնց կայքում կարելի է ծանոթանալ բրենդին, առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին:
Կայքը պետք է լավագույնս ներկայացնի ձեր բրենդը: Նույնիսկ եթե դուք eCommerce-ի հետ որևէ կապ չունեք, միևնույնն է՝ կնկատեք արդյունքները: Օնլայն խանութներն, օրինակ, ստանում են ուղղակի եկամուտ՝ կայքում կատարված վաճառքներից: Իսկ բիզնես կայքը ապահովում է ավելի երկարաժամկետ զարգացում և եկամուտ: Չէ՞ որ այս դեպքում դուք ունեք ավելի մեծ բովանդակություն, որի միջոցով կարող եք գրավել պոտենցիալ հաճախորդներին ու տպավորվել նրանց հիշողության մեջ: Իսկ լավ օպտիմալացումից հետո կարող եք նկատել, որ թիրախային շուկայում որոնումների արդյունքները նկատելի հոսք են ապահովում դեպի կայք:
Մրցակցությունը մեծ է ամեն ոլորտում, այդ պատճառով ձեր կայքը կարող եք «զինել» օնլայն պատվերների, ամրագրումների, լայվ չաթի, բլոգի ու այլ տարբեր հնարավորություններով: Ձեր բիզնես կայքում հաճախորդների հոսքն ապահովված կլինի:
Interior app նմուշը էսթետիկ ու բազմաֆունկցիոնալ տարբերակ է բիզնես կայքի համար. պարզ և ինֆորմատիվ:
Պորտֆոլիո կամ ռեզյումե
Ֆրիլանսերների, արտիստների, լուսանկարիչների և ճարտարապետների համար պորտֆոլիոն կարող է ծառայել որպես օնլայն CV: Ձեր աշխատանքները կամ փորձառությունը լավագույն ձևով ներկայացնելու համար հարկավոր է պարզ հարթակ, որը կօգնի արագ և առանց բարդությունների ստանալ տարբերվող կայք:
Օնլայն ռեզյումեն այժմ շատ ակտուալ է նաև այլ մասնագետների համար: Բացի ձեր փորձառությունն ու մասնագիտացումները ցուցադրելուց, այստեղ կարող եք վարել բլոգ և օգտագործել մարքեթինգային հնարքներ, գործի դնել ձեր պրոֆեսիոնալիզմն ու հմտությունները: Այսպիսի օնլայն ռեզյումե կարող եք ստեղծել անգամ անվճար՝ ընդամենը մի քանի ժամում:
Ucraft-ում կան մի շարք նմուշներ պորտֆոլիոյի և օնլայն ռեզյումեի համար, որոնք տարբերվում են դիզայնով և ունեն հաճախելիության ապահովման բոլոր անհրաժեշտ գործիքները: Պորտֆոլիոյի մեր ամենասիրելի նմուշներից են AOI-ն և Histogram-ը. մինիմալիստական դիզայնը, գեղեցիկ վիզուալներն ու անհրաժեշտ բոլոր տվյալները՝ մեկ տեղում: Այս նմուշները հարմար են անհատների և գործակալությունների համար:
Առողջություն և խնամք
Առողջ ապրելակերպի և խնամքի հետ կապված կայքերի և բլոգների պահանջարկը մեծացավ հատկապես համավարակից հետո, երբ բոլորս ստիպված էինք մնալ տանը: Դե, առողջ սնունդն ու մարզումները անհրաժեշտ էին, հատկապես երբ մարզասրահներ գնալ այլևս հնարավոր չէր: Այս տենդենցը դեռ շարունակվում է, իսկ մենք էլ առանձնացրել ենք հետաքրքիր ուղղություններ՝ ձեր բիզնես գաղափարների համար:
Նախևառաջ, եկեք նշենք մի քանի ճյուղ, որ կարևոր են այս ոլորտում: Ucraft-ում կարող եք գտնել նմուշներ մարզասրահների կայքերի, տարբեր պարապմունքների, անձնական խնամքի պարագաների և առողջ սննդի օնլայն խանութի համար: Հայաստանում այս ոլորտը ևս զարգանում է:
Կայքը կարող է օգնել մարզիչներին և քոուչերին հասնել հաջողության ու ճանաչում ձեռք բերել: Այն կօգնի կիսվել խորհրդատվությամբ, վաճառել որոշ ապրանքներ, տրամադրել անհատական պարապմունքներ, վարել բլոգ: Մի խոսքով՝ մոնետիզացնել աշխատանքը նաև օնլայն:
Yoga balance նմուշը հենց այսպիսի կայքի համար է. հենց առաջին էջում այցելուն կարող է ծանոթանալ պարապմունքներին, ընտրել և գնել որևէ փաթեթ, իմանալ ավելին յոգայի մասին:
Ոչ կոմերցիոն կայք
Համացանցն ու սոցցանցերը շարունակում են մնալ բարեգործական ծրագրերի, հասարակական և ոչ կոմերցիոն կազակերպությունների ձայնը լսելի դարձնելու ամենաարդյունավետ միջոցը: Ինչպես բիզնեսում, այնպես էլ այս դեպքում, օնլայն ներկայությունը կարևոր է ճանաչելի դառնալու և մարդկանց մեծ խմբեր ներգրավելու համար:
Ոչ կոմերցիոն կայքերը պետք է տրամադրեն մանրամասն ինֆորմացիա ոլորտի խնդիրների, կազմակերպության նպատակի, ծրագրերի մասին և ապահովեն բիզնեսի կամ անհատների ներգրավվման հնարավորություններ:
Այսպիսի նմուշ է Care-ը: Այն ներկայացնում է կրթական կազմակերպություն, որին հնարավոր է միանալ կամ պարզապես նվիրատվություն անել: Նույնիսկ ամենաբարդ թեմաների շուրջ ներգրավում ապահովելու համար պետք է օգտագործել մարքեթինգային հնարավոր գործիքներն ու չմոռանալ գեղեցիկ ու բազմաֆունկցիոնալ կայքի մասին:
Ուսուցման հարթակների կայք
Օնլայն ուսուցումը պահանջում է 40-60%-ով քիչ ժամանակ և ներդրումներ, քան տետ-ա-տետ ուսուցումը: Այն նաև ավելի քիչ էներգիա է պահանջում, համաձայն չե՞ք: 2020 թ.-ից հետո օնլայն ուսուցման այս առավելությունները մեզ համար ավելի ակնհայտ դարձան:
Այսօր մենք գրեթե ամեն ինչ կարգավորում և կազմակերպում ենք հեռախոսով կամ համակարգչով, և զբաղված առօրյայում բարդ է փնտրել որակյալ մասնագետների, վազել պարապմունքների: Դե իսկ կայքերում ամեն ինչ ձեռքի տակ է:
Ուսուցիչների և ուսումնական հաստատությունների համար կայքի ստեղծումն ու իրենց հմտությունների ներկայացումը կարող է հրաշալի միջոց դառնալ: Կայքի օգնությամբ ձեր թիրախային շուկան մեծանում է, իսկ ձեր դասընթացներն ու գիտելիքները հասանելի են դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Դասընթացները կայքերում կարող են լինել փոդքասթերի, վիդեոների, վիդեոզանգերի և այլ ձևերով: Կարող եք նաև տրամադրել վկայականներ և բարձրացնել ձեր հարթակի եկամտաբերությունը:
Մենք պատրաստել ենք նմուշներ ինչպես ուսուցիչների, այնպես էլ ուսումնական հաստատությունների համար: Օրինակ՝ Languager նմուշը նախատեսված է լեզուների դասընթացների համար: Իսկ West College նմուշը իդեալական է ուսումնական հաստատությունների համար: Այս երկու նմուշներում կարող եք տրամադրել տեղեկություն հաստատության, դասերի և ընդունելության մասին:
Ինչպես ստեղծել ձեր կայքը Ucraft-ով
Կայքերի պատրաստումը Ucraft-ի հարթակում հասանելի է բոլորին: Այստեղ ձեզ պետք չեն ծրագրավորման կամ դիզայնի գիտելիքներ: Մենք ստեղծել ենք պարզ վահանակ, որտեղ կարող եք հեշտությամբ գտնել անհրաժեշտ էլեմենտները, բլոկները և ինտեգրացիաները:
Մեր հարթակը հարմարեցված է բոլոր սարքերի համար, այնպես որ խմբագրելիս կարող եք ստուգել կայքը նաև մոբայլ տարբերակում: Դուք կարող եք ստեղծել լոգո, խմբագրել էջերը և ստեղծել ձեր բրենդին հարմար դիզայն՝ ավելացնելով նկարներ, տառատեսակներ և գույներ:
Ձեր կայքը հասանելի կլինի և՛ ենթադոմեյնով, և՛ անհատական դոմեյնով: Իսկ թե ինչ լեզուներով՝ ընտրում եք դուք:
Մենք հաճախ ենք նշում, որ բլոգը, օպտիմալացումը, հարմարեցված դիզայնը կարևոր են կայքի ակտիվության համար: Այստեղ ձեռքի տակ կունենաք SEO գործիքներ, որոնց օգնությամբ կայքի և էջերի օպտիմալացումը կտևի մի քանի րոպե: Ucraft-ում կարող եք գտնել մի շարք տարբեր ինտեգրացիաներ, որոնք կօգնեն վերլուծությունների, մեյլային մարքեթինգի, հաճախորդների օնլայն սպասարկման և այլ հարցերում:
eCommerce բիզնես սկսելիս նույնպես կարող եք հանգիստ լինել: Ucraft-ում հասանելի է վճարումների և առաքումների ավելի քան 70 ծառայություն՝ միջազգային և տեղական շուկայի համար: Պարզապես ավելացրեք ապրանքները, որոշեք արժեքները և ստացեք եկամուտ: Մի խոսքով՝ ստեղծեք ձեր բրենդը, իսկ Ucraft-ը կօգնի զարգացնել այն:
Մեր պատրաստի նմուշների ցանկում կարող եք գտնել շատ ավելին: Մենք Ucraft-ում կարևորում ենք նոր լուծումները, թրենդային դիզայնը և հարմարավետությունը: Այդ պատճառով վստահ ենք, որ կնկատեք յուրաքանչյուր նմուշում կատարված մանրակրկիտ աշխատանքն ու կընտրեք ձեր բրենդին ամենահարմարը:
Մաղթում ենք հաջողությու՜ն: