Դե ինչ, կայացավ Ucraft-ի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը: Jump տեխնոլոգիական կոնֆերանսն անցավ մեծ հաջողությամբ, և մեր տպավորությունները դեռ շատ թարմ են: 9 տարբերվող ելույթ, շուրջ 300 մասնակից և մի ամբողջ օր՝ լի ամենատարբեր մասնագիտական քննարկումներով: Մենք անչափ ուրախ ենք, որ հաջողվեց այս օրը հետաքրքիր դարձնել ոչ միայն մեր թիմի, այլ նաև տեխնոլոգիական ողջ համայնքի համար:
Մինչ մանրամասներին անցնելը, մի փոքր պատմենք Jump-ի պատմության և նպատակի մասին:
Ucraft-ը, նպատակ ունենալով ստեղծել հարթակ, որը կմիավորի հայ և միջազգային մասնագետներին, սկսեց Jump կոնֆերանսների շարքը դեռ 2019-ին: Առաջին Jump կոնֆերանսի թեման դիզայնն էր: Այն իր շուրջ հավաքեց դիզայնով և նորարարությամբ հետաքրքրված բազմաթիվ տաղանդավոր մարդկանց: Մենք վերջապես վերադարձանք, և հուսով ենք, որ Jump-ը կլինի շարունակական և կդառնա կամուրջ հայկական և միջազգային տեխնոլոգիական համայնքների միջև:
Լավ, վերադառնանք Jump 2023: Այս տարի թեմաներն ավելի տեխնիկական էին և բազմազան: Ելույթների ընթացքում քննարկվում էին վերջին միտումները արհեստական բանականության, մեքենայացված ուսուցման, կիբեռանվտանգության, cloud computing-ի, prompt engineering-ի և այլ հարակից ոլորտներում: Այս ամփոփման համար մենք որոշեցինք առանձնացնել մի քանի կարևոր գործոն, որոնք ապահովեցին կոնֆերանսի հաջողությունը:
Խոսնակներ և թեմաներ
Jump-ի կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ ընտրված թեմաները տեխնիկական էին և նեղ մասնագիտական: Եվ իրականում, կոնֆերանսի հստակ ուղղվածությունը էլ ավելի թիրախային դարձրեց Jump-ը:
Մեր նպատակն էր ունենալ հետաքրքիր մասնագիտական ելույթներ և քննարկումներ մեծ կազմակերպությունների փորձառու մասնագետների մասնակցությամբ: Սա առաջին քայլն էր, որը թույլ տվեց ապահովել մասնակիցների համար հետաքրքիր օրակարգ և արդյունավետ զրույցներ:
Microsoft-ի, Netflix-ի, Google Cloud-ի, Cloudflare-ի, Booking.com-ի, Yandex-ի, LKI Consulting-ի և, իհարկե, Ucraft-ի մասնագետները բանախոսությունների ընթացքում պատմեցին ոչ միայն իրենց փորձի մասին, այլ նաև անդրադարձան տեխնոլոգիական վերջին միտումներին, ինտերակտիվ ֆորմատով պատասխանեցին մասնակիցների հարցերին և կիսվեցին հետագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներով:
Մասնակիցներ և քննարկումներ
Կոնֆերանսը բաց էր բոլորի համար, սակայն ոլորտի մասնագետների, ուսանողների և էնտուզիաստների մասնակցությունը մեկ այլ կարևոր գործոն էր մեզ համար: Բանախոսների և թեմաների ընտրությունն, իհարկե, ամբողջությամբ մտածված էր, բայց մասնակիցների հետաքրքրությունը հատկապես ոգևորիչ էր մեզ համար:
Ամենաարդյունավետ քննարկումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ զրուցակիցներն ունեն ընդհանուր հետաքրքրություններ և մոտիվացված են փոխանակվել փորձով և նոր մտքերով: Հարցուպատասխանը, նեթվորքինգը և զրույցները չէին դադարում նույնիսկ կոնֆերանսից հետո՝ երեկույթի ընթացքում: Վստահ ենք, որ բոլոր մասնակիցները ոգեշնչվել են և մի կարևոր բան են տարել իրենց հետ՝ նոր կապեր և գիտելիքներ, արժեքավոր գիտելիքներ և գաղափարներ:
Մթնոլորտ և շփումներ
Ընտրված տարածքը կոնֆերանսի մեկ այլ կարևոր առանձնահատկություն էր: Armenian Helicopters-ի Altezza-ն օգնեց ամբողջացնել կոնֆերանսը և անցկացնել այն հենց այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում: Քաղաքի աղմուկից և անցուդարձից կտրված այս տարածքը ոչ միայն հարմարավետ էր, այլ նաև իսկապես տարբերվող ու հետաքրքիր: Հյուրերը լսում էին ելույթները, դուրս գալիս ընդմիջման, հետևում թռչող ուղղաթիռներին, հիանում մայրամուտով, շրջում ընդարձակ տարածքում և վայելում բնության, երաժշտության ու տեխնոլոգիական զրույցների համադրությունը. համաձայնեք, որ հետաքրքիր փորձառություն է:
Կարող ենք ասել, որ սա առաջին մասնագիտական կոնֆերանսն էր այսպիսի ֆորմատով, և այն իսկապես հաջողված էր:
Շնորհակալություն՝ ամփոփման փոխարեն
Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ կոնֆերանսն իրականություն դարձավ: Այս մասշտաբային միջոցառումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին մեր համատեղ ջանքերն ու հավատը: Շնորհակալություն մեր թիմին և կամավորներին, հովանավորներին և աջակիցներին, լուսանկարիչներին և DJ-ներին, բարմեններին և խոհարարներին, և, իհարկե, բոլոր մասնակիցներին: Հուսով ենք՝ շուտով նորից կհանդիպենք:
Ի դեպ, եթե բաց եք թողել միջոցառումը կամ որևէ հետաքրքիր ելույթ, կարող եք լսել դրանց ձայնագրությունը՝ անցնելով այս հղումով:
* Կոնֆերանսի պաշտոնական լեզուն անգլերենն է, և ձայնագրությունները հասանելի են միայն անգլերեն:
TEJAS CHOPRA, NETFLIX
DevOps at Netflix
IGNAT KORCHAGIN, CLOUDFLARE
How to Protect Yourself from The Biggest Internet Threats
CHINMAY NERURKAR, MICROSOFT
Building Low Latency Ml Systems to Supply Real-time Model Predictions for Online Ad-serving at Scale
MARYNA BARYSHEVA, LKI CONSULTING
Marketing Goes Sci-Fi: How AI and Advanced Analytics are Taking Your Strategy Development and Execution to The Next Level
MILEN GENCHEV, GOOGLE CLOUD
Generative AI: Unlocking The Power of Machine Learning
SANCHIT JUNEJA, BOOKING.COM
Large Language Model Ops (LLMops) and How Big Orgs Work with LLMs
NIKOLAI MUKIN, YANDEX
Distributed Tracing with Opentelemetry in Go
NORVIK ALEXIAN, UCRAFT
Unveiling Prompt Engineering’s Vital Role and Techniques