Բիզնեսի նախագծման շրջանում կան այնքան կարևոր մանրուքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Եթե արդեն ունեք ձեր բիզնեսը, ապա վստահ ենք, որ ինչ-որ պահի ձեր մտքով էլ է անցել «պետք է սկզբում սրա մասին մտածեի»: Փոփոխությունների համար երբեք ուշ չէ: Ժամանակի ընթացքում գուցե կփոխեք բրենդինգը, կայքի դիզայնը, հնարավոր է, անգամ, որ փոխեք բիզնեսի ուղղվածությունը: Բայց կա մի քանի կարևոր բան, որ ցանկալի է թողնել նույնը՝ բրենդի ճանաչելիության, SEO-ի և այլ գործոնների համար: Դրանցից մեկը կայքի դոմեյնն է:
Կարող է թվալ, թե կայքի հասցեն և դոմեյնը չունեն մեծ նշանակություն բրենդի համար, և պետք չէ շատ ժամանակ հատկացնել: Բայց, հավատացեք մեզ, այն ավելին է, քան կարող է թվալ:
Դե ինչ, փորձենք օգնել ձեզ այս պատասխանատու հարցում: Դոմեյնն ունի երկու հիմնական նպատակ՝ բրենդինգ և SEO: Այսպիսով, եթե մտածում եք, թե ինչ անուն տալ կայքին, ապա անհրաժեշտ կլինի հաշվի առնել հետևյալ քայլերը:
Մտածեք բրենդի հեղինակության մասին
Փորձեք ընտրել այնպիսի դոմեյն, որը բրենդային կհնչի: Խուսափեք ընդհանրական և ձանձրալի անուններից: Փնտրեք այնպիսի անվանում, որը կլինի հասկանալի, ուշադրություն կգրավի, լավագույնս կներկայացնի ձեր բրենդը, ապրանքը կամ ծառայությունները: Այն կարող է լինել արդեն գոյություն ունեցող բառ, որոշ բառերի համադրություն կամ ամբողջովին նոր, հորինված բառ:
Դոմեյնի ընտրության ամենալավ օրինակը, երևի թե, Apple-ինն է: Նրանք պարզապես օգտագործել են մրգի պարզ անուն, բայց ստեղծել են աշխարհի ամենահաջողակ բրենդներից մեկը: Այս օրինակը ցույց է տալիս որ պետք չէ հեծանիվ հնարել: Ամբողջ հարցը բրենդի և ուղերձի ճիշտ ներկայացումն է:
Քանի որ շատ անուններ արդեն զբաղված են, կարող եք համադրել 2 բառ, ինչը շատ նոր բրենդների համար լավ լուծում է եղել: Դա լավ է աշխատել Snapchat-ի և MailJet, ինչպես նաև շատ այլ խոշոր B2B բրենդների համար: Այս տարբերակում ձեր բրենդի նպատակն ու արժեքները կլինեն դոմեյնի անվան մի մասը, և այն, իհարկե, ավելի հեշտ կհիշվի:
Փորձու՞մ եք կրեատիվ լինել: Ապա, հավանաբար, կընտրեք որևէ հորինված բառ: Պետք է պարզապես համոզվել, որ այդ բառը բարեհունչ է, հեշտ ընթեռնելի և հիշվող: Հորինված անվանումների մեծ մասն ունի զվարճալի պատմություն, ինչպես Mozilla-ն, որի անունը վերցված է հայտնի ֆիլմի հրեշ Godzilla-ի անունից:
Մեկ այլ ձևավորվող միտում է վերցնել գոյություն ունեցող բառը և այն սխալ կամ մի փոքր փոփոխված գրելը: Փոփոխված բառի օրինակ է Grammarly-ն՝ քերականությունն ու ուղղագրությունն օնլայն ստուգելու ծրագիրը:
Կա պարզ պատճառ, թե ինչու են դոմեյնի և ընկերության անվանումը հիմնականում միանման: Դրանք անբաժանելի են, և շատ ընկերությունների համար դոմեյն և բրենդի անվանում ընտրելը նույն բարդության առաջադրանք է:
Ընտրեք դոմեյնի պարզ տարբերակ
Շփոթությունից խուսափելու համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի դոմեյն, որը ոչ միայն հեշտ հիշվում է, այլ նաև հեշտ գրվում: Հատկապես եթե այն հորինված բառ է, ապա կարող եք օգտագործել պարզ պայմանական գրության ձև: Ցանկացած խճճված անվան դեպքում կայքի այցելուները կդադարեն փնտրել այն մեկ-երկու անհաջող փորձից հետո:
Բացի այդ, ցանկալի է խուսափել ավելորդ նշաններից և թվերից: Այո, այսպես ձեր բրենդի անունը կարող է ավելի հիշվող լինել, բայց դոմեյնի դեպքում գործը բարդանում է: Պահելով հավասարակշռությունը օրիգինալ, հիշվող և պարզ տարբերակների մեջ՝ կկարողանաք գտնել կատարյալ դոմեյն կայքի համար: Մի պահ նստեք և մտածեք, ուսումնասիրեք ոլորտը, լսարանի հետաքրքրությունները, և բառերն իրենք իրենց կհայտնվեն ձեր մտքում:
Մի չարաշահեք բանալի բառերը
Մի ժամանակ անհրաժեշտ բանալի բառը կամ բառերը դոմեյնի անվան մեջ ունենալը նշանակում էր լավ դիրք զբաղեցնել որոնողական համակարգերում: Դա SEO-ի կարևոր մաս էր, որը կարող էր օգնել մրցակիցներից առաջ անցնելու գործում: Մրցակցությունը գնալով մեծացավ և այս փաստից կախված՝ բանալի բառերով որոնումները նվազեցին: Պետք է խոստովանել, որ այս միտումը դեռ կշարունակվի:
Դոմեյնում բանալի բառերի օգտագործումը, ինչպես արդեն նշել ենք, օգնում է որոնողական համակարգերում առաջխաղացմանը: Պետք է խոստովանենք, որ շուկայում մեծ մրցակցության դեպքում այս «օրենքը» նույն արդյունավետությունը չունի: Այս միտումը կարող է երկար շարունակվել, բայց պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը: Աշխատեք ո՛չ անտեսել և ո՛չ էլ չարաշահել բանալի բառերը:
Իսկ ի՞նչ պետք է անել: Պետք է չկենտրոնանալ հնարավորինս շատ բանալի բառեր ներառելու վրա, այլ պարզապես ընտրել այն անունը, որը եզակի կլինի հենց ձեր բրենդի համար:
Ընտրել .com, թե՞ .am
.com-ը դոմեյնի ամենատարածված ընտրությունն է, ավելի ճիշտ՝ ցանկացած դոմեյնի բարձրակարգ տարբերակը՝ TLD-ը (top-level domain): Վերջավորության այս տարբերակն օգտագործվում է աշխարհի բոլոր կայքերի կեսից ավելիի դեպքում: Հետևաբար, քո ցանկալի դոմեյնը կարող է արդեն զբաղված լինել:
Բայց այժմ կան դոմեյն գտնելու ավելի շատ տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ և նպատակ: Ներկայացնենք ամենահայտնիներից մի քանիսը:
- .com - օգտագործվում է կոմերցիոն նպատակներով օգտագործվող կայքերի համար
- .am - օգտագործվում է հայկական տիրույթում գործող կայքերի համար
- .net - ‘network’ բառի կրճատ տարբերակն է և ի սկզբանե օգտագործվել է ինտերնետ պրովայդերների կողմից
- .org - ‘organization’ բառի կրճատ տարբերակն է և հիմնականում օգտագործվում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից
- .biz - նախատեսված է տարատեսակ բիզնեսների համար, սակայն հիմնականում օգտագործվում է մանր ձեռնարկատերերի կողմից
- .co - ինչպես .com-ը, սա նույնպես օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, որին սովորաբար հաջորդում է երկրի կոդը, օրինակ՝ .uk և այլն
- .info - նախատեսված է տեղեկատվության աղբյուրների համար
- .tv - բացի Տուվալուի կոդը լինելուց՝ այն օգտագործվում է ԶԼՄ-ների և ժամանցային ընկերությունների կողմից:
Հաճախ ամենանախընտրելի տարբերակը լինում է գործունեության երկրի կոդը, օրինակ՝ .am-ը Հայաստանի համար: Վերջերս որոշ ոլորտներում ընդարձակումներ են եղել, և համապատասխանաբար առաջացել են դոմեյնի վերջավորության նոր տարբերակներ: Օրինակ՝ .marketing, .news կամ անգամ ավելի յուրահատուկ՝ .broker կամ .brand տարբերակները: Փոփոխությունները դանդաղ են տարածվում և այս միտումը կարող է օգտակար լինել. այսպիսի վերջավորություններով առաջին բրենդները կարող են հեշտությամբ հիշվել օգտատերերի համար:
Բարձրակարգ դոմեյնի մեկ այլ օրինակ է .to-ն, որն օգտագործվում է How-To վեբկայքերի համար: Հավանաբար հանդիպել եք նաև .io տարբերակին, որը input/output բառերի հապավումն է: Կա նաև թրենդային .me տարբերակը, որը կարող է լինել հիանալի բրենդավորման էլեմենտ, օրինակ՝ marry.me, connect.me կամ այլ ձևերով:
Կան բրենդներ, որոնք այլընտրանքային լուծումներ են գտնում, և, օգտագործելով ոչ այնքան տարածված վերջավորություններ, նախապատվությունը տալիս են բրենդային որևէ լուծման: Հետաքրքիր օրինակ է Taco Bell-ը: Մի քանի տարի առաջ նրանք որոշեցին օգտագործել նոր դոմեյն և իրենց վեբկայքը դարձրին ta.co: Լավ տարբերակ է, չէ՞:
Ի դեպ, Ucraft-ը համագործակցում է name.am և Namecheap դոմեյն պրովայդերների հետ, իսկ դա նշանակում է, որ դուք հեշտությամբ կարող եք գնել .am կամ այլ դոմեյն ձեր կայքի համար: Ինչպե՞ս: Պարզապես բացեք Դեշբորդի Դոմեյն հավելվածը, մուտքագրեք նախընտրելի տարբերակը և ակտիվացրեք այն՝ հետևելով ուղեցույցին: Ucraft-ի միջոցով դուք կարող եք նաև ստանալ ձեր կայքի դոմեյնն անվճար՝ ուղղակի ընտրելով ցանկացած փաթեթի տարեկան բաժանորդագրում:
Ինչ տարբերակի վրա էլ կանգնի ձեր ընտրությունը, համոզվեք, որ ընտրում եք լավագույն տարբերակը հենց ձեր բիզնեսի և բրենդի համար:
Արդեն մտածե՞լ եք, գտե՞լ եք կատարյալ անվանում: Ուրեմն գնեք այն հիմա, քանի դեռ մեկ ուրիշը դա չի արել: