Բոլորս էլ գիտենք, որ բրենդն անպայման պիտի ունենա լոգո, իսկ լավ բրենդը՝ լավ լոգո։ Եվ այն պետք է լավագույն ձևով արտահայտի բրենդի շունչն ու ոճը։ Բայց պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր լոգոյի հիմքում էլ տարբեր մտքեր ու խորհրդանշական մասնիկներ կան։ Ամեն ինչ կախված է մեր պատկերացումներից և մուսայից։
Մի կարևոր հանգամանք էլ կա. ի՞նչ ծրագրով ստեղծել լոգոն։ Ucraft-ը հեշտացրել է այդ գործը՝ առաջարկելով իր լոգոյի ստեղծման հարթակը: Հարթակի օգնությամբ հնարավոր է մի քանի րոպեում ստանալ ձեր երազանքների լոգոն, որն իսկապես կառանձնացնի բրենդը շուկայում:
Եթե դուք դիզայներ եք, ապա գիտեք՝ ինչ փուլերով է ստեղծվում լոգոն։ Իսկ եթե ոչ, ապա այստեղ կգտնեք մի քանի խորհուրդ Ucraft-ի դիզայներներից, որոնք կարող են օգնել՝ ձեր բիզնեսի լոգոն ստեղծելու հարցում։
Սոնա
Սկսենք մեր արթ-տնօրեն, մինիմալիզմի սիրահար Սոնայից: Նա նկարագրում է լոգոյի ստեղծման պրոցեսը, որի բոլոր փուլերում կարևորում է գրագետ մոտեցումը:
«Լոգոն նախագծելուց առաջ կարևոր է լսել պատվիրատուի հստակ պահանջները և հասկանալ՝ ի՞նչ խնդիր է դրված: Այնուհետև պետք է սկսել ուսումնասիրել շուկան և ընտրել թիրախային խումբը։ Սա երբեմն կարող է ամիսներ տևել, քանի որ ժամանակ է պետք ոչ միայն ուսումնասիրությունների, այլ նաև պատվիրատուի հետ աշխատանքի համար։ Այնուհետև սկսում ենք հավաքել մուդբորդ տարբեր ուղղություններով՝ գունային, ֆոնտային և այլն»:
Ըստ Սոնայի՝ շատ կարևոր է պատվիրատուի և դիզայների մեջ մշտական կոնտակտը և փոխադարձ վստահությունը: Կոնցեպտը պատկերացնելուց հետո արդեն գալիս է նախագծման փուլը, երբ նույնիսկ ենթագիտակցության մեջ շատ հետաքրքիր լուծումներ են ծագում:
«Ես ինքս նախընտրում եմ նկարել ձեռքով և ստանալ մոտավոր էսքիզներ այդպես: Հետո արդեն սկսում եմ աշխատել համակարգչով՝ համադրելով ֆոնտեր, գույներ, պատկերներ: Երբեմն լավ ընտրված տառատեսակը կարող է բավարար լինել իդեալական տարբերակ ստանալու համար: Բոլոր մանրուքներն, ամեն դեպքում, կախված են ոլորտից, պրոդուկտից և, իհարկե, պատվիրատուի պահանջներից»:
Սոնան խորհուրդ է տալիս լուրջ վերաբերվել առաջադրանքին և իմաստ դնել ցանկացած լոգոյի մեջ: Անկախ բրենդից՝ լոգոն պետք է լինի էմբլեմիկ, գրագետ, մինիմալիստական և նախագծված օրինաչափություններով:
«Ինձ համար կարևոր է արդյունքում ունենալ գրագետ եւ մինիմալիստական տարբերանշան, որն ընդունակ է տպավորել և հիշվել: Սակայն պետք չէ շփոթել նմինիմալիզմը պրիմիտիվության հետ. եթե ընտրում ենք պարզապես տառատեսակ, ապա աշխատանքը շատ ավելի բարդանում է, քանի որ միլիոնավոր տառատեսակների մեջ այն պետք է իսկապես առանձնանա: Համոզվեք, որ ձեր աշխատանքի արդյունքում ստեղծված լոգոն յուրօրինակ է և ժամանակի ընթացքում չի հնանա կամ դադարի ընկալվել»:
Նանա
Իսկ Նանայի կարծիքով լոգոն բրենդի հայելին է, և պետք է այնպես անել, որ այն լավագույնս արտահայտի բրենդի ոգին:
«Եթե կա բրենդբուք, ապա պետք է հետևել հիմնական ուղեցույցներին և ընտրված գույներին: Իսկ եթե սկսում եմ 0-ից, ապա սկզբում փորձում եմ հասկանալ, թե ինչ բրենդի համար է ստեղծվում լոգոն: Ցանկացած նոր աշխատանքի ժամանակ փորձում եմ առաջնորդվել գրագիտությամբ: Իհարկե, երբեմն կարելի է խախտել կանոնները, բայց կարևոր է, որ լոգոն խեղդող չլինի»:
Նանան ևս կարևորում է մինիմալիզմը և համարում է, որ լոգոն պետք է լինի բովանդակալից, բայց ոչ ծանր:
Հենց այդպես էլ նա ստեղծել է Afrolab-ի մինիմալիստական լոգոն:
Տաթև
Մեր ամենափորձառու դիզայներներից Տաթևը կարևորում է դիզայնի սկզբունքները, որոնք միշտ պետք է պահել մտքում: Լոգոն պետք է առանձնանա և ընդգծի բրենդի յուրօրինակությունը, բայց կան կանոններ, որոնք պետք է պահպանել՝ գրագետ դիզայնի համար: Նա առանձնացրեց Google-ի լոգոն՝ որպես գունային սխեմայի օգտագործման օրինակ. «Թվում է, թե ստեղծել են հնարավորինս պարզ լոգո, բայց այստեղ օգտագործված ամեն գույն ունի իր նշանակությունը: Գույները բրենդի ուղերձի մի մասն են, և հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել դրանց»:
Տաթևը նշեց Golden ratio-ի սկզբունքի մասին: Այս հարաբերակցությունն օգնում է ստեղծել բալանսավորված և էսթետիկ կոմպոզիցիա դիզայնում: Հետաքրքիր է, որ այն կարելի է տեսնել ամենուր, ինչպես օրինակ՝ ճարտարապետության կամ նույնիսկ բնության մեջ:
Դե, իսկ ամենավերջում Տաթևը նշեց սեփական գաղտնիքը. պետք է հստակ հասկանալ առաջադրանքը և աշխատանքը անել սիրով:
Գայկա
Մեր գրաֆիկ դիզայներներից Գայկան ասում է, որ լոգոն պետք է լինի հնարավորինս պարզ և հասկանալի։ Լոգոյի ստեղծման աշխատանքը նա սկսում է ոլորտի ուսումնասիրությունից, այնուհետև անցնում է բրենդի ծառայություններին և թիրախային խմբին։ Այս տեղեկությունն օգնում է հասկանալ շուկան և սկսել ասոցիատիվ որոնումները։ Չէ՞ որ յուրաքանչյուր բրենդ ունի իր ուղերձը և այն արտահայտելու շատ ձևեր կարող են լինել։
«Նախ փորձում եմ ստանալ լոգոն սև-սպիտակ տարբերակով՝ ստեղծելով վեկտորային ֆայլ, կամ պարզապես նկարելով այն թղթի վրա։ Երբ կոնցեպտը պարզ է, կարելի է սկսել խաղալ գույների և տարբեր պատկերների հետ։ Ես փորձում եմ պահպանել մինիմալիզմը։ Եթե հնարավոր է ներկայացնել բրենդի փիլիսոփայությունը մեկ սիմվոլով կամ պարզ գրաֆիկայով, ապա ինչու՞ չանել հենց այդպես»։
Գայկան խորհուրդ է տալիս չծանրաբեռնել լոգոն գրաֆիկայով կամ էֆֆեկտներով, այլ ընտրել պարզ լուծումներ։ Ի վերջո, բրենդն ունի ուղերձ, որը փոխանցվում է նաև լոգոյի միջոցով։ Այն պետք է լինի անկախ բոլոր թրենդներից, ունենա ճիշտ ընտրված գունային սխեմա և լինի հասկանալի։ Այս դեպքում այն հաստատ կտպավորվի։
Էմմա
Էմման դիզայնում կարևորում է նոր շունչն ու թրենդները, բայց նաև նշում է, որ պետք է լինել ուշադիր՝ դրանցով չտարվելու համար: Բրենդը ճիշտ ներկայացնելու առաջին պայմանն, ըստ նրա, խնդիրը և հաճախորդի ցանկությունները ճիշտ հասկանալն է: Այս պատճառով Էմման կարևորում է բրենդի մասին հնարավորինս շատ տեղեկությունների տրամադրումը:
Էմման նույնպես նշեց Golden ratio-ն, որը նա փորձում է պահպանել՝ ներդաշնակ ու գրագետ դիզայն ստանալու համար:
«Դիզայները պետք է հասկանա բրենդի ուղերձը և հնարավորինս գրագետ ներկայացնի այն՝ ստեղծելով աչքի ընկնող, պարզ, բայց, միևնույն ժամանակ, տպավորվող լոգո»: Հասկանալով բրենդի նպատակը և ոլորտը՝ դիզայներն էլ ավելի արդյունավետ կարող է համադրել իր գաղափարները:
Այսքան փորձառու մարդկանց կարծիքն ու խորհուրդները, վստահ ենք, կմոտիվացնեն անցնել գործի և ստեղծել տարբերվող լոգո ձեր բրենդի համար։ Դե իսկ մենք առաջարկում ենք ծանոթանալ Լոգոյի պատրաստման հարթակին և օգտագործել բոլոր գործիքները՝ հետևելով մեր ցուցումներին։ Դուք կարող եք ավելացնել ցանկացած էլեմենտ, ներառել տեքստ, փոփոխել գույները և այլն, և այլն։ Իսկ վերջում՝ կարող եք բեռնել ձեր լոգոն .png կամ .svg ֆորմատներով։ Ամենակարևորը՝ չմոռանաք գործի դնել ձեր երևակայությունը և սերը. դա միշտ օգնում է։