Կայքի այցելուներին գրավելու կամ կորցնելու համար մենք ունենք ընդամենը մի քանի վայրկյան: Այս ցուցանիշը հաճախ կարող եք տեսնել կայքերի արդյունավետության մասին պատմող տարբեր հոդվածներում: Խոստովանենք, որ կայքերի անտրամաբանական կառուցվածքը կարող է զայրացնել հենց առաջին րոպեներին: Ինչպես գիտեք, կան մի քանի գործոններ, որ ազդում են հաճախորդների որոշման վրա: Եվ դրանցից առաջնայինն, իհարկե, կայքի դիզայնն է՝ կառուցվածքը, վիզուալները և նավիգացիան: Եթե այցելուները արագ չեն կարողանում գտնել այն, ինչի համար եկել են ձեր կայք, ապա հավանական է, որ նրանք կգնան՝ ուսումնասիրելու ուրիշ տարբերակներ: Այս հոդվածում կպատմենք պարզ նավիգացիայի առավելությունների մասին և կնշենք Ucraft-ի այն գործիքները, որոնք կլինեն ձեր «օգնականները»։
UX դիզայնի ամբողջ համակարգում նավիգացիան իր կարևոր դերն ունի: Եթե կարճ, ապա նավիգացիան թույլ է տալիս ներկայացնել կայքի բովանդակությունը, ուղղորդել հաճախորդներին և օգնել գտնել այն, ինչ փնտրում են:
Մինչ շարունակելը մեկ հարց․ երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչ կոճակ են առաջինը սեղմում ձեր կայքի այցելուները: Իսկ ո՞րն է կայքի ամենադիտելի էջը: Ինչպես ցանկացած այլ դեպքում, այստեղ նույնպես ձեզ կօգնի մանրամասն ուսումնասիրությունն ու հաճախորդների գործողությունների վերլուծությունը: Ձեր իդեալական հաճախորդին գտնելուց հետո պետք է հասկանալ, թե ինչ է նրան հետաքրքրում և ինչպես է նա ցանկանում հաղորդակցվել ձեզ հետ:
Անկախ նրանից՝ թարմացնում եք արդեն գործող կայքը, թե ստեղծում եք նորը, կան կարևոր կետեր, որոնք կբարձրացնեն կայքի ակտիվությունը և կոնվերսիան։
Պահպանեք պարզություն
Դե ինչ, սկսենք ոսկե կանոնից։ Սա հենց այն դեպքն է, երբ մինիմալիզմը ավելի քան կարևոր է։ Բոլոր կայքերի «փրկիչ» մենյուն պետք է լինի հնարավորինս հասկանալի և ճիշտ ուղղորդող։ Փորձեք խոսել ձեր հաճախորդների հետ հենց իրենց լեզվով և ստեղծեք դիզայն, որը պարզ է և հասկանալի ձեր թիրախային խմբին։ Ucraft-ում կարող եք հեշտությամբ խմբագրել Էջեր և Կոճակ էլեմենտները, դե իսկ դիզայնը և էջերի տվյալները փոփոխել հավելվածներում։ Իհարկե հաճելի է, երբ քոնթենթը յուրօրինակ է և տարբերվող, բայց այս մտքով տարվել պետք չէ։
Այստեղ ավելի կարևոր է հարմարավետությունը և արագությունը:
Ընտրեք կայքի կոնցեպտին հարմար տարբերակ
Կա մի հնարք, որը վերաբերում է մենյուի էջերի դասավորությանը։ Այսպես, ըստ որոշ հետազոտությունների՝ մարդիկ այս դեպքում ավելի մեծ ուշադրություն են դարձնում առաջին և վերջին անվանումներին։ Եթե մի փոքր ուշադիր լինեք, ինքներդ կնկատեք այս օրինաչափությունը։ Ձեր կայքի կառուցվածքը և դիզայնը կախված է ոլորտից և թիրախային խմբից, բայց եկեք վերհիշենք նավիգացիայի դիզայնի մի քանի տարածված տարբերակներ, որ կարող եք ունենալ կայքում։
- Բուրգեր մենյու
Բուրգեր մենյուն ամենատարածված տեսակն է, որը հատկապես հարմար է մոբայլ տարբերակում։ Այն քիչ տեղ է զբաղեցնում, ունի ճկուն դիզայն և, բացի այդ, կարող է ունենալ ցանկացած այլ պատկեր կամ նշան՝ հարմարեցված ձեր կայքի դիզայնին։ Էջեր էլեմենտի կարգավորումներում հնարավոր է ցանկացած ժամանակ փոփոխել մենյուի դիզայնի ռեժիմը և խմբագրել յուրաքանչյուրի կարգավորումներն առանձին
- Հորիզոնական
Պետք է խոստովանենք, որ հորիզոնական մենյուն ամենապրակտիկ տարբերակն է։ Այս դեպքում կարելի է օգտագործել վերևում նշված հնարքը և ընտրել մի քանի կարևոր էջ՝ տեղավորելով դրանք համապատասխանաբար։ Ոլորտից կախված՝ այստեղ էլ կարող են լինել առանձնահատկություններ, բայց ոչ մի դեպքում չմոռանաք ավելացնել տեղեկություն ձեր բրենդի մասին և տրամադրել հետադարձ կապի տվյալներ։ Դե, իսկ եթե կայքում ունեք գրանցվելու հնարավորություն, ապա կարող եք ավելացնել Օգտատիրոջ հաշիվ էլեմենտը ձախ վահանակից և տրամադրել մուտքի հնարավորություն հենց առաջին բլոկում։
- Ուղղահայաց
Ուղղահայաց մենյուն իդեալական տարբերակ է դիզայնի որոշ լուծումների դեպքում։ Սա կարող է առանձնացնել մենյուն և հեշտությամբ օպտիմալացնել այն մոբայլի համար։ Իրականում, ուղղահայաց նավիգացիան ունի նաև մեկ կարևոր առավելություն․ եթե ձեր ընտրած ոլորտը պահանջում է միջինից ավելի էջեր մենյուում, ապա այս տարածքը կարող եք օգտագործել՝ բոլոր անհրաժեշտ բաժինները ներառելու համար։
Օպտիմալացրեք կայքի մոբայլ տարբերակը
Վերադառնալով կայքի հնարավորություններին՝ չմոռանանք նշել մոբայլ օպտիմալացման մասին։ Հեռախոսը միշտ մեր ձեռքում է, և անհարմարությունը կայքերում երբեմն անտանելի է։ Կայքի դիզայնը նախագծելիս կարևոր է չմոռանալ նաև տարբեր չափերի էկրաններին նույն հարմարավետությունն ապահովելու մասին։ Ձեր գործողությունների կենտրոնում պետք է լինեն հաճախորդը և իր ցանկությունները, սակայն օպտիմալացումը կարևոր է նաև որոնողական համակարգերում առաջխաղացման համար։ Google-ը և այլ որոնողական համակարգերը նախապատվություն են տալիս հարմարեցված կայքերին։ Բայց սրա մասին մի փոքր ուշ։
Ձեզ կօգնի նաև 3 կոճակի կանոնը։ Այն բավականին պարզ է․ պետք է ապահովել այնպիսի նավիգացիա, որի դեպքում ցանկացած տեղեկություն հնարավոր կլինի գտնել ընդամենը 3 կոճակի օգնությամբ։ Համաձայն ենք՝ երբեմն բարդ է պահել այս կանոնը տարբեր կայքերում, բայց այն կօգնի գտնել հարմար լուծումներ և՛ համակարգչի, և՛ մոբայլի համար։
Ինչպես գիտեք, Ucraft-ի բոլոր կայքերը ավտոմատ օպտիմալացվում են, և ցանկացած փոփոխություն կարող եք հեշտությամբ տեսնել տարբեր սարքերի համար նախադիտման ժամանակ։ Մոբայլ խմբագրիչը կօգնի ձեզ այս հարցում։
Կարևորեք SEO օպտիմալացումը
Կայքում վերնագրերը, վիզուալները և անգամ գույները պետք է հասկանալի լինեն ձեր բոլոր պոտենցիալ հաճախորդների համար։ Եվ այս ամենը ճիշտ նախագծելու համար կրկին պետք կգան վերլուծական տվյալներ։
Տվյալները հաճախ փոխելուց խուսափելու համար կարելի է անցնել թեստավորման մի քանի փուլ, փորձարկել կայքը մոբայլով և համակարգչով։ Բացի այն, որ Ucraft-ում կան գործիքներ SEO օպտիմալացման համար, այստեղ կարող եք նաև օգտագործել վերլուծական մի շարք գործիքներ։ Ինտեգրացիաներ հավելվածում կարող եք գտնել Google Analytics, Yandex Metrica, HotJar և այլ հավելվածներ, ու հեշտությամբ կցել դրանք կայքին։ Վերլուծության և թեստավորման օգնությամբ հնարավոր կլինի գտնել միջին տարբերակներ հղումների, բանալի բառերի, մետատվյալների համար, որոնք կլինեն ոչ շատ և ոչ երկար, ոչ բարդ և ոչ շատ պարզունակ։ Արդյունքում, մարդիկ և որոնողական համակարգերը կհասկանան կայքի հիերարխիան, և առաջխաղացումն ապահովված կլինի։
Օգտագործեք լրացուցիչ գործիքներ
Բացի դասական դարձած քայլերից, կարող եք օգտագործել նաև լրացուցիչ գործիքներ, որոնք կարող եք գտնել Ucraft-ի պատրաստի նմուշներում։
Եվ այսպես, սկսենք Որոնման հնարավորությունից։ Բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ կայքում որոնման հնարավորությունը կխնայի հաճախորդների նյարդերն ու ժամանակը։
Հաջորդ կարևոր գործիքը, որ կօգնի պարզեցնել կայքի նավիգացիան, Breadcrumb էլեմենտն է։ Բառացիորեն այն նշանակում է «հացի փշուրներ» և թույլ է տալիս տեսնել հետագիծը՝ ըստ էջերի։ Եթե կայքում կան տարբեր ենթաէջեր, ապա այս էլեմենտը կօգնի հաճախորդներին չմոլորվել և գտնել պետքական էջերը մեկ վայրկյանում։
Եվ վերջում չմոռանանք նշել Բաժանորդագրություն էլեմենտի մասին, որը օգտակար է ցանկացած կայքի դեպքում։ Մշտական կապը հաճախորդների հետ կարևոր է, իսկ այսպես վստահությունը ձեր բիզնեսի հանդեպ էլ ավելի կմեծանա։
Դե ինչ, կարծես թե ամփոփեցինք բոլոր այն գործիքները, որոնք կօգնեն ձեր կայքի հաճախորդներին արագ կողմնորոշվել ու հեշտ տեղաշարժվել կայքում։ Ձեր օնլայն այցեքարտը պետք է հնարավորինս լավ ներկայացնի ձեր ծառայություններն ու բրենդը։ Թարմացրեք ձեր կայքը, ավելացրեք նոր հնարավորություններ և մի մոռացեք հիշել հաճախորդների հարմարավետության մասին։ Իսկ մեր աջակցման թիմը պատրաստ է օգնել ձեզ բոլոր հարցերում։