Լուսանկարչությունը վստահ կարելի է համարել արվեստի մի ուղղություն, որը հասանելի է բոլորիս։ Վերցնում ենք հեռախոսն ու թերթում սոցցանցի էջերը, որտեղ միլիոնավոր նկարներ են։
Անվերջ լուսանկարվում, լուսանկարում ենք, պահում հիշողություններ ու պատմում պատմություններ։ Բոլորս էլ ինչ-որ չափով այս պատմության մեջ ենք, բայց կան մարդիկ, որոնք լուսանկարներում ստեղծագործում են և վավերագրում իրականությունը։ Մենք Ucraft-ում սիրում ենք խոսել լուսանկարչական թրենդներից, քննարկել տարբեր լուսանկարիչների աշխատանքներն ու նրանց պորտֆոլիոները։ Որոշեցինք խոսել լուսանկարիչների հետ, փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում այս ոլորտում Հայաստանում, ինչն է այսօր կարևոր նրանց մասնագիտության մեջ և թե ինչպես հասնել հաջողության։ Հիմա ժամանակն է ուղղել մեր հարցերը հենց մերոնց։
* Ուզում ենք շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց զբաղված առօրյայում կարողացան մեզ հետ զրույցի համար մի փոքր ժամանակ գտնել: Մենք հիանում ենք Հայաստանում բազմաթիվ լուսանկարիչների աշխատանքով։ <3
Մեզ հետ զրուցում են.
- Լիլիթը, ով մասնագիտացած է fashion լուսանկարչության մեջ, ստեղծել է իր գործակալությունն ու ամեն անգամ հիացնում է նոր շարքերով։
- Արթուրը, ում միանգամից կճանաչեք, եթե ասենք՝ Lumen-ը։ Նա հիմնադրել է Lumen ֆոտոստուդիան, որի նախագծերին վստահում են հազարավոր մարդիկ։
- Նարեկը, ով աշխատում է ամենատարբեր ուղղություններում, և ունի բնության պատկերների ամենաիրական լուսանկարներ և հեռախոսով լուսանկարված մի ամբողջ հավաքածու, որն անվանել է Black Mirror Photography:
Դե ինչ, արագ անցնենք հարցերին ու տեսնենք, թե ինչ խորհուրդներ կթողնեն մեզ համար մասնակիցները։
- Ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել լուսանկարել: Ո՞րն է ձեր մտքում տպավորված առաջին հաջողությունը:
Լիլիթ․ Հայրիկս զբաղվում է լուսանկարչությամբ, ու ինձ դեռ փոքր տարիքից շատ հետաքրքիր էր հետևել իրեն, փորձարկումներ անել: Լուսանկարելու ցանկությունս էլ ավելի մեծացավ, երբ փորձեցի ժապավենով լուսանկարել: Ես նաև նկարել եմ երկար ժամանակ, առհասարակ վիզուալ արվեստը ինձ միշտ գրավել է: Իսկ մասնագիտություն ընտրելիս որոշեցի ընտրել մի բան, որը կօգնի զարգացնել ուրիշ հմտություններ: Դարձա տնտեսագետ ու դա ինձ մինչև հիմա շատ է օգնում հասկանալ շուկան ու վաճառել իմ աշխատանքները:
Նարեկ․ Մեր ընտանիքում արվեստագետները շատ են՝ քանդակագործներ, նկարիչներ։ Ես, իհարկե, սկզբում չէի պատկերացնում, որ մի օր լուսանկարչությամբ կզբաղվեմ, բայց ինքս ինձ հարց տվեցի, թե ինչն է ինձ համար կարևոր ու ոգեշնչող։ Հետո որոշեցի գումար հավաքել ու տեսախցիկ գնել։ Ֆոտոյին ծանոթանալու մեծ ծարավ ունեի, սկսեցի փնտրել մասնագիտական գրքեր ու անվերջ կարդալ տեսախցիկների, լուսանկարչության, գույների մասին։ Սկզբում ծնողներս չէին հավատում, որ լուսանկարչությունն ինձ համար լուրջ աշխատանք կդառնա, բայց ինձ մոտ կարճ ժամանակում ստացվեց ապացուցել, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։
- Ի՞նչ է պակասում այսօր հայ լուսանկարիչներին: Ըստ քեզ՝ ո՞ր գործոնները կարող են նպաստել շուկայի զարգացմանը:
Արթուր․ Կարծում եմ՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ որևէ ուրիշ տեղ լուսանկարիչներին ոչինչ չի պակասում։ Հենց Հայաստանում էլ կան հետաքրքիր քոնթենթ ստեղծելու բոլոր պայմանները, պարզապես պետք է ժամանակ տրամադրել, աշխատել։ Եթե նստես և սպասես ինչ-որ հաջողության, այն երբեք հենց այնպես չի գա։ Լուսանկարիչը պետք է լինի աշխատասեր, փնտրող ու ստեղծագործ։ Եթե այս գործոնները կան, ապա ամեն ինչ կստացվի։
*Arthur Lumen / 2016
Լիլիթ․ Իհարկե, շատ խնդիրներ կան: Բայց երևի ամենակարևորն այն է, որ շուկան փոքր է ու փակ: Օրինակ՝ եթե ծնվում ես Գերմանիայում կամ Իտալիայում և որոշում ես զբաղվել լուսանկարչությամբ, ապա ունես անսահման շատ հնարավորություններ աշխատելու, զարգանալու, ճանաչելի դառնալու ու ստեղծագործելու: Հայաստանում, օրինակ, չկան պարբերականներ, որոնք հետաքրքրված կլինեն լուսանկարիչների աշխատանքով, նախագծեր կանեն միասին:
Նարեկ․ Իրականում սկզբում երբեք էլ հեշտ չի լինում։ Ես չեմ կարող ասել, որ կան մեծ խնդիրներ։ Պարզապես պետք է ճանաչես ինքդ քեզ, հասկանաս՝ ինչն է հարազատ ու ինչից ես իսկապես հաճույք ստանում։ Հենց այդ գործը գտնելուց հետո պետք է ջանք չխնայել դրա համար, չկորցնել ոչ մի րոպե ու կենտրոնացնել մտքերն ու էներգիան այդ ուղղությամբ։
Բայց, ամեն դեպքում, ես դեմ եմ նաև անդադար աշխատելուն։ Պետք է նաև մեկ-մեկ կանգնել, հասկանալ՝ ուր ես գնում, չմոռանալ ինքնաքննդատության մասին, պատրաստ լինել նաև կողքից հնչող քննադատություններին, առողջ արձագանքել ու զարգանալու նոր էներգիա կուտակել։
- Ինչպե՞ս են լուսանկարիչները ապահովում օնլայն ներկայությունը: Կարողանու՞մ են ճանաչելի դարձնել իրենց աշխատանքները:
Լիլիթ․ Ես շատ լավ եմ վերաբերվում այն սկսնակ լուսանկարիչներին, ովքեր փորձում են որևէ ձևով ներկայանալ, բացում են իրենց էջերն ու կիսվում աշխատանքներով: Ամեն ինչ շատ բնական է, ժամանակի ընթացքում որոշներն առանձնանում են, իսկ ոմանք՝ դուրս մնում: Ես չեմ հասկանում քննադատությունը այս առումով, որովհետև բոլորս էլ սկսում ենք ինչ-որ կետից, փորձում ինքնադրսևորվել: Նույնիսկ ամենահասարակ սելֆին կարևոր է. մի ժամանակ գեղանկարիչները ինչքան շատ ու տարբեր ինքնանկարներ են արել: Նույնը մեր ժամանակներում է՝ ուղղակի այլ միջոցներով:
Նարեկ․ Հայաստանում ամեն մեկը գտնում է իր ճանապարհը։ Ես ինքս էլ ժամանակին բացեցի իմ էջը, որտեղ ընկերոջս խորհրդով սկսեցի տեղադրել իմ աշխատանքները։ Այդ առումով մենք ունենք լուսանկարիչներ, որոնց հաջողվել է իրենց լուսանկարչական բրենդը հայտնի դարձնել, ու ես ինքս փորձել եմ որոշ դեպքերում այդ օրինակին հետևել։ Կարծում եմ՝ կայքը, պորտֆոլիոն շատ կարևոր են ու պետք է լուրջ վերաբերվել լուսանկարչությանը։ Լուսանկարչությունը, իսկապես, արվեստ է։ Ցավոք, զբաղվածությունն ինձ էլ թույլ չի տալիս լիարժեք զբաղվել աշխատանքի այդ կողմով, բայց փորձում եմ չմոռանալ նաև դրա անհրաժեշտության մասին։
Արթուր․ Այս պահին Հայաստանում, կարծում եմ, ամենահարմար հարթակը Instagram-ն է։ Ու հենց այնտեղ կա մեծ ակտիվություն, քանի որ մարդիկ փնտրում են լուսանկարիչներին ծանոթանալու և կապ հաստատելու հեշտ ձևեր։ Ես ինքս իմ գործնական ու անձնական հաշիվներում փորձում եմ ակտիվ լինել։ Օրինակ՝ քոնթենթի ծավալը թույլ կտա ամեն օր նոր նկարներ ու գրառումներ թողնել․ քոնթենթի ճիշտ մատուցումն էլ է կարևոր։ Թեև զբաղված եմ մի քանի տարբեր նախագծերով, ու ժամանակը չի ներում մեծ ուշադրություն դարձնել օնլայն ակտիվությանը, կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որ դա չխանգարի։
- Ինչպիսի՞ն պետք է լինի պրոֆեսիոնալ լուսանկարչի իդեալական պորտֆոլիոն:
Նարեկ․ Ամեն ուղղություն իր առանձնահատկություններն ունի, բայց, ընհանուր առմամբ, պորտֆոլիոն ինձ համար գրագետ խմբավորված, ճիշտ մատուցված լուսանկարների շարքն է, որը պետք է լինի հնարավորինս պարզ, ներդաշնակ ու գեղեցիկ։ Պետք է փորձել չկրկնվել, գտնել իսկապես լավագույն լուսանկարները, թեկուզ հարյուրից, ու չպահել որևէ «միջակ» լուսանկար։
*Narek Harutyunyan / 2021
Արթուր․ Կայքը կարևոր է պրոֆեսիոնալ լուսանկարչի համար, քանի որ օգնում է ավելի մանրամասն ներկայացնել նախագծերը, աշխատանքի ուղղությունները, ինչի հնարավորությունը սոցցանցերում չկա։ Այլ երկրներում, որտեղ շուկան մեծ է, պրոֆեսիոնալ պորտֆոլիոյին ավելի մեծ կարևորություն է տրվում, աշխատանքի կազմակերպումն էլ է այլ կերպ լինում։ Մեզ մոտ դեռևս այդպես չէ, բայց լուրջ նախագծերի համար, կարծում եմ, գրագետ կայք ունենալը շատ կարևոր է։
Լիլիթ․ Իրականում հիմա սահմանները վերացել են, դժվար է ասել, որ պետք է ունենալ պորտֆոլիո, որը կլինի հստակ կանոններով ձևավորված: Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, մարդիկ փորձում են հասկանալ լուսանկարչի ոճը, հետևել աշխատանքներին սոցցանցերում: Հատկապես Instagram-ը հիմա իդեալական է այդ առումով: Կան մարդիկ, որ մտածում են այստեղ պետք է հաշվարկած պատ ունենալ, գույների ինչ-որ հատուկ դասավորություն, բայց խոսքը դրա մասին չէ: Կարևոր է ունենալ քո ոճը և չմոռանալ կիսվել գաղափարներով, որովհետև սա էլ ինչ-որ իմաստով կարող է լինել քո պորտֆոլիոն:
Կայքի դեպքում ամեն ինչ, իհարկե, ավելի ուրիշ է: Այս դեպքում կարող եք մանրամասն ներկայացնել բոլոր նախագծերը, ֆոտոշութերը, ներկայանալ մի քիչ ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ տեսանկյունից: Սա մի փոքր ավելի շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, բայց միանշանակ ունի իր կարևոր առավելությունները:
Մի հարց քեզ..
- Նարեկ, դու աշխատում ես ամենատարբեր ուղղություններում, նույնիսկ վիդեո նկարահանումներով ես զբաղվում։ Ինչպե՞ս է դա ստացվում ու ո՞րն է ամենասիրելի պահը այդ բոլոր դեպքերում։
- Ինձ համար հետաքրքիր է այն ամենը, ինչ նոր է, ինչ չեմ փորձել։ Ազատությունն այստեղ կարևոր գործոն է։ Այո, նաև վիդեո նկարահանումներ եմ անում ու մասնակցել եմ մի քանի նախագծերի, որտեղ վավերագրական պատմություններ եմ պատրաստել։ Ի դեպ, 2018 թ․-ին Վաշինգթոնում մասնակցեցի The Walter Chapin Simpson Center-ի կողմից կազմակերպված մի փառատոնի, որի համար ևս պատրաստել էի վավերագրական ֆիլմեր ու ֆոտոշարքեր։ Իսկ վերջերս ռուսական ELLE-ի համար ֆոտոշարք պատրաստեցինք, որն, արդեն, այլ ուղղություն ուներ։
Վավերագրման մեջ ամենից շատ ինձ գրավում է մարդուն իր ստեղծած միջավայրում պատկերելը։ Սիրում եմ նկարել այնտեղ, որտեղ չեմ եղել ու ինձ համար շատ հետաքրքիր է մտնել օրինակ՝ արհեստանոցներ ու ուսումնասիրել այդ տարբեր աշխարհները։ Իմ ամենամեծ կիրքը ճանապարհորդելն ու նոր մարդկանց ճանաչելն է։ Եթե ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ վերցնել տեսախցիկն ու պտտվել Հայաստանում։ Իսկ կատարյալ տարբերակն այն է, երբ ինձ են միանում նաև կինս ու երեխաներս։
- Լիլիթ, դու նախագծեր ես ունեցել նաև Հայաստանից դուրս, մի քիչ պատմիր քո փորձառության մասին: Ու նաև կխնդրեմ՝ ասես, թե ըստ քեզ՝ ի՞նչ առաջընթաց կա Հայաստանում:
- Այո, աշխատել եմ տարբեր նախագծերում։ Վերջերս համագործակցել եմ գերմանական KALTBLUT և իտալական KREEP. պարբերականների հետ։ Ունեցել եմ նաև այլ տարբեր համագործակցություններ, որոնք, անկախ տարբեր հանգամանքներից, մեծ փորձ են տվել ինձ։ Իմ փորձն օգնեց հասկանալ մի բան, որ բոլոր տեղերում էլ կան և՛ լավ, և՛ վատ մասնագետներ։ Իհարկե, Հայաստանում լուսանկարիչները փոքր շրջանակներում են աշխատում, և հնարավորությունները շատ մեծ չեն, բայց զարգանալու ճանապարհներ այստեղ էլ կան։ Հաջողված նախագծերում յուրաքանչյուր հայ լուսանկարչի անուն ավելի է մեծացնում մեր լուսանկարիչների հանդեպ հետաքրքրությունը։
* Lilit Uni (for KALTBLUT.) / 2020
- Արթուր, Lumen Wedding և Lumen Moments նախագծերը հաջողված ու սիրված բրենդ են դարձել, որտեղ ընտանեկան լուսանկարի բովանդակությունը տարբերվում է նրանից, ինչ սովոր ենք տեսնել։ Մի փոքր կպատմե՞ս դրանց մասին․ ի՞նչն է այդքան յուրօրինակ դարձրել նախագծերը։
- Ասեմ, որ երկու նախագծերն իրարից շատ են տարբերվում՝ ոճով և այլ հարցերով, բայց կա մեկ ընդհանուր գիծ՝ սերը։ Երկու դեպքում էլ ես նկարում եմ մարդկանց երջանկությունը, հոգատարությունը, սերը, հարաբերությունները։ Դա նաև կապ ունի իմ անձի, իմ ընտանիքի հետ։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, և ուրախ եմ, որ իմ փոխանցած դրական էներգիան էլ է օգնում ստանալ այդպիսի նկարներ։ Այս առումով հատկապես Lumen Moments-ը ինձ համար շատ կարևոր է։ Շուտով նկարահանված ընտանքիների թիվը կհասնի 1000-ի, և նրանց դրական արձագանքներն ու տպավորությունները շատ հաճելի են․ ուրեմն՝ կարողացել եմ չկրկնվող ֆոտոպատմություն ստեղծել նրանց համար։
Դե ինչ, մենք փորձեցինք հավաքել մի քանի պատմություններ ու կարծիքներ՝ տարբեր հայացքներ ու ոճ ունեցող մի քանի լուսանկարիչներից։ Բայց կար մի բան, որ կարմիր գծի նման գնում են մեր բոլոր զրույցների ընթացքում․ աշխատասիրությունն ու սերը գործի նկատմամբ։ Եթե մտածում էիք լուսանկարչի կարիերա սկսելու մասին, ապա այս խորհուրդներն ու էներգիան ոգեշնչման մեծ պաշար կապահովեն ձեզ համար։
Ucraft-ն աջակցում է բոլոր սկսնակ մասնագետներին և բոլոր պրոֆեսիոնալներին, ովքեր ցանկանում են գտնել պարզ ու արագ գործիքներ։ Մեր պատրաստի նմուշները ստեղծված են հեշտությամբ գրագետ պորտֆոլիո ստեղծելու համար։ Պարզապես ընտրեք ամենահարմար տարբերակը, ավելացրեք ձեր աշխատանքները և հրապարակեք ձեր բազմաֆունկցիոնալ պորտֆոլիոն։