Իլյուստրատորներն այն եզակի արտիստներն են, ովքեր կարող են ստեղծել դիզայն՝ օգտագործելով ամենատարբեր գործիքներ՝ մատիտ-վրձնից մինչև համակարգչային ծրագրեր: Նրանցից շատերը սկսում են ճանապարհը պարզապես նկարելու հանդեպ սիրուց, իսկ որոշներն անցնում են դիզայնի տարբեր ուղղություններով և, ի վերջո, որպես ինքնաարտահայտման միջոց ընտրում են իլյուստրացիան: Անկախ աշխատանքի ոլորտից, անցած ճանապարհից և ոճից՝ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքներում կարևոր դեր ունեն գեղեցիկը, յուրօրինակը տեսնող աչքը և տաղանդը:
Գարնանային տոների առթիվ մենք որոշեցինք պատմել երիտասարդ կին իլյուստրատորների մասին, ովքեր գուցե շատերիս հայտնի չեն, բայց հիացնում են իրենց աշխատանքներով:
Աղջիկներին խնդրեցինք պատմել իրենց մասնագիտական ճանապարհի մասին և կիսվել կարևոր խորհուրդներով, որ օգտակար կլինեն սկսնակ իլյուստրատորների համար:
Մեր առաջին զրուցակիցը Լուիզա Գալստյանն է, ով զբաղվում է հեքիաթների, մանկական գրքերի նկարազարդումով: Լուիզան պատմում է, որ փոքր ժամանակ նրան հաճախ կարելի էր հանդիպել թուղթն ու մատիտները ձեռքին։
Այսպես նրա ապագա մասնագիտությունն ուրվագծվել է, բայց ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության բաժնում 2.5 տարի սովորելուց հետո նա ստիպված է եղել թողնել ուսումը:
- Աշխատելով ոչ իմ մասնագիտությամբ՝ փորձում էի համատեղ սովորել թվային նկարչություն, ձեռք բերել հմտություններ, փորձել ինձ անիմացիայի ոլորտում: Համառ աշխատանքի արդյունքում ընդունվեցի հրատարակչություն, իսկ գրքերի հանդեպ սերն էլ ավելի նպաստեց հենց գրքերի նկարազարդողի իմ կարիերային:
Հաջորդը մեր ցանկում Կրիստինա Սարգսյանն է, ով ի սկզբանե զբաղվել է գրաֆիկ դիզայնով:
- Ինչքան որ ինձ հիշում եմ զբաղվում եմ գրաֆիկ դիզայնով: Երբ եկավ համալսարանն ընտրելու պահը, որոշեցի ընտրել նոր բան բացահայտելու հնարավորությունը: Ընդունվեցի Պետական Ակադեմիայի Տպագրական գրաֆիկա բաժինը, որտեղ էլ սովորում էին ապագա իլյուստրատորները:
Ելնելով իր փորձից՝ Կրիստինան ընտրել է իր մասնագիտական նոր ուղղվածությունը: Արդեն ուսանողական տարիներին նա սկսել է աշխատանքներում միավորել իլյուստրացիան և դիզայնը: Ստացվել է այնպես, որ հենց այդ շրջանում իլյուստրացիայի հետ կապված նոր դիզայն թրենդեր են առաջացել, որոնք էլ ավելի են մոտիվացրել նրան: Ի դեպ, Կրիստինան աշխատել է նաև Ucraft-ի և Hoory-ի տարբեր նախագծերի վրա: Այժմ նա աշխատում է Picsart-ում ու նաև շարունակում է ճանապարհը՝ որպես ազատ ստեղծագործող:
- Ինձ միշտ դուր է եկել հայկական շուկայի հետ աշխատանքը: Այստեղ ինձ հետաքրքիր է սեփական կարողությունները փորձելն ու աշխատանքի արդյունքները տեսնելը: Աշխատել եմ Marog-ի, Sharm-ի, WWF-ի, Ucraft-ի հետ, ինչպես նաև դասավանդել եմ գրաֆիկ դիզայն Թումո կենտրոնում: Այնպես ստացվեց, որ ես մտածելակերպով դիզայներ եմ, իսկ հմտությամբ՝ իլյուստրատոր, և հնարավոր է, որ սա իմ աշխատաոճը նկարագրելու ամենաճիշտ ձևն է: Դիզայնը, կարծում եմ, մտածելակերպ է, ոչ թե հմտություն:
Իսկ մեր վերջին զրուցակիցը Անահիտ Մարգարյանն է: Անահիտը կանգնած է հայկական մի շարք բրենդների բրենդինգի հետևում: Որպես իլյուստրատոր Անահիտի առաջին աշխատանքը եղել է շատերիս սիրելի Louis Charden սրճարանի բրենդինգը: Այժմ Անահիտն աշխատում է SoftConstruct-ում:
- Ինչպես, երևի, բոլոր երեխաները, ես էլ փոքր ժամանակ սիրում էի նկարել: Թերլեմեզյանի անվան քոլեջում կարողացա ավելի շատ ուսումնասիրել և ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա՝ Հաստոցային գրաֆիկայի բաժին: Այն ժամանակ մի քիչ սխալ ընկալում կար նկարչի և իլյուստրատորի աշխատանքների մեջ: Երբ սկսեցի աշխատել, կարողացա ինքս էլ հասկանալ՝ ինչն է ինձ ավելի հոգեհարազատ:
Անահիտը նաև ունի դասավանդման փորձ, բայց խոստովանում է, որ մի քիչ «ժլատ» է գիտելիքներով կիսվելու հարցում: Իլյուստրացիան իր համար ինքնանպատակ չէ, քանի որ իլյուստրատորներն աշխատում են շուկայի և մարդկանց համար: Եվ ամենահաճելին այն է, որ գրագետ իլյուստրացիան անգամ ամենապարզ փաթեթավորման միջոցով կարող է թրենդ և ճաշակ թելադրել:
Մեր բոլոր հերոսները տարբեր են ու ունեն յուրօրինակ ձեռագիր, բայց մենք փորձեցինք պարզել, թե, ըստ նրանց, որն է այս ոլորտի ամենամեծ առանձնահատկությունը: Կրիստինան կարծում է, որ իլյուստրացիայի միջոցով հնարավոր է ցույց տալ այն, ինչ անհնար է ցույց տալ ֆոտոյով, նկարագրել բառերով, կամ արտահայտել այլ միջոցներով:
Անահիտը նշեց մի կարևոր գործոն, որի մասին նույնիսկ այս ոլորտի մասնագետները հաճախ մոռանում են: Ի տարբերություն այլ արտիստների և նկարիչների՝ իլյուստրատորները հաճախ կատարում են կոմերցիոն առաջադրանքներ: Այստեղ հարկավոր է լուծել հստակ խնդիրներ և ներկայացնել պատվերն ու պատվիրատուի մտքերը լավագույն ձևով: Մեր օրերում իլյուստրատորները կարող են իրենց աշխատանքները նույնիսկ որպես NFT վաճառել և ստանալ եկամուտ այլ եղանակներով:
Խոսելով իր ուղղվածության մասին՝ Լուիզան խոստովանեց, որ իր համար ամենահետաքրքիրը նոր հեղինակների բացահայտումն է:
- Տարիների աշխատանքի ընթացքում հասկացել եմ, թե որքան կարևոր է հեղինակի պատմության առանձնահատկությունների հիման վրա ստեղծել լավագույն կերպարները։ Գրքասեր իլյուստրատորի համար կարևոր է հետևել մանկական գրականության զարգացմանը, անսպառ երևակայության դրսևորումն ու, իհարկե, ամեն հեղինակի համար յուրովի ստեղծագործելու ձգտումը:
Ստեղծագործելիս անվերջ ոգեշնչում և մոտիվացիա է պետք, և ամեն մեկն իր ոգեշնչման աղբյուրն ունի: Անահիտը, օրինակ, ոգեշնչվում է նոր մուլտերից, սերիալներից, նոր գովազդներից: Բայց բրենդինգում կա մի անուն, ով ցանկացած իրավիճակում վերականգնում է Անահիտի մոտիվացիան:
- Խոսքը Nestlé-ի բրենդինգի դիզայներ Լարս Վալլենտինի մասին է: Նրա հարցազրույցները միշտ նոր մոտիվացիա են բերում: Վալլենտինը մի շարք պրոդուկտների դիզայներ է եղել և շատ պրոֆեսիոնալ ձևով է մատուցել անգամ ամենահասարակ պատկերներն իր դիզայնում: Երեխաների համար ցանկացած բան ստեղծելն ավելի բարդ է. նրանք վառ երևակայություն ունեն և պետք է ավելի մանրակրկիտ դիզայն անել:
Իսկ Կրիստինային ոգեշնչում են անալոգ տպագրությունը, կալիգրաֆիան, ժապավենով լուսանկարչությունը: Կարճ ասած՝ հին տեխնիկաները:
- Շատ դեպքերում համակարգիչը փոխարինելով իրական նյութերով՝ ստանում եմ նոր ընկալում և լրիվ ուրիշ անկյունից աշխատանքին նայելու հնարավորություն:
Լուիզային հաճախ ոգեշնչում են տարբեր հեղինակների աշխատանքներ, բայց նրանցից մեկին նա, այնուամենայնիվ, առանձնացրեց:
- Վերջին շրջանի ոգեշնչման աղբյուրն իմ սիրելի իլյուստրատորներից մեկն է՝ Ջուլիա Սարդան, որի աշխատանքերով ուղղակի հիանում եմ ու պարբերաբար գնում իր նկարազարդած գրքերը։ Մեծ մոտիվացիայի աղբյուր են նաև իմ հեղինակային հեքիաթները, որոնք սկսել եմ գրել ու նկարազարդել զարգանալու և իմ սեփական մտքերը ռեալիզացնելու համար։ Շատ ժամանակ աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով հնարավոր է կորցնել ոգեշնչումը կամ նկատել, որ ինչ-որ բան պակասում է։ Իմ հեքիաթներն օգնեցին վերականգնվել․ դրանց շնորհիվ եմ գործի դնում իմ պերֆեկցիոնիստական մտքերը ու փորձում հնարավորինս լավ իլյուստրացիաներ ստանալ։ Մեկ հեքիաթների շարք արդեն հասանելի է հայերենով ու անգլերենով: Այժմ աշխատում եմ հեքիաթների հաջորդ շարքի վրա, որը նույնպես շուտով կհրապարակվի։
Վերջում, իհարկե, խնդրեցինք կիսվել խորհուրդներով սկսնակ իլյուստատորների համար:
Կրիստինա.
- Խորհուրդ կտամ երբեք չսահմանափակվել, չբավարարվել միայն նկարչությամբ: Հավելյալ գիտելիքները ոչ միայն կդարձնեն ձեր աշխատանքները լիարժեք, այլ նաև կձևավորեն ձեռագիր և կօգնեն ստեղծել իլյուստրատորի ձեր կերպարը:
Լուիզա.
- Միանշանակ խորհուրդ կտամ ինքնակրթվել, անդադար աշխատել հմտությունների վրա և չհուսահատվել, քանի որ կայացման ճանապարհը կարող է երկար և բարդ թվալ։ Երբեք հույս մի դրեք միայն բարձրագույն կրթության վրա, այլ մտածեք, որ ամեն բան միայն ձեզնից է կախված։ Ինչքան լավ ու որակով է աշխատանքը, այնքան շատ կլինեն հնարավորությունները։ Ձեր աշխատանքները պատմելու են ձեր մասին։
Անահիտ.
- Իլյուստրատորը պետք է զարգացնի տարբեր հմտություններ, ուրիշ մասնագետների աշխատանքներ ուսումնասիրի: Ես միշտ խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել շրջապատող ամեն ինչին, շատ կարդալ, շատ ճամփորդել: Անկախ ոլորտից՝ պետք է միշտ հիշել, որ համակարգչի առջև պարզապես նստելով նոր գաղափարները դժվար թե գան: Եղեք տեղեկացված և միշտ փորձեք նկատել սիրունը:
Դե ինչ, եթե դուք մասնագիտական ընտրության ճանապարհին եք, ապա հուսով ենք, որ աղջիկների պատմությունները կուղղորդեն ձեզ: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս նայել նրանց պորտֆոլիոները, ստանալ ոգեշնչման ձեր բաժինը և ստեղծել անհատական պորտֆոլիո Ucraft-ի օգնությամբ։