Նոր տարին սկսվել է, և դա նշանակում է, որ նոր ուժերով գործի անցնելու ժամանակն է։
Տարվա նորություններին ու թրենդներին ծանոթանալը կարևոր է։ Համաձայնեք, որ անկախ ոլորտից, հաջողության մի մեծ բաժին կախված է աշխատանքը գրագետ ներկայացնելուց։ Եվ այստեղ դիզայնը միշտ իր կարևոր ու անփոխարինելի տեղում է։
Հատկապես, եթե զբաղվում եք մարքեթինգով կամ դիզայնով, ապա գիտեք նոր շունչ ու նոր ուղերձ տալու կարևորության մասին։
Մենք գիտենք, որ ձմռան օրերին դժվար է մնալ մոտիվացված և գտնել ոգեշնչման աղբյուրներ։ Հենց դրա համար առանձնացրել ենք մի քանի դիզայներական էջեր, որոնց, վստահ ենք, արժե հետևել։ Ծանոթացեք նրանց այս հոդվածում, հետևեք ու ստացեք նոր մտքերի ձեր չափաբաժինը յուրաքանչյուրից։
Եվ այսպես, ցուցակը սկսենք Jessica Walsh-ից, ով բավականին հայտնի դիզայներ է Նյու Յորքից։ Ջեսիկան դասավանդում է, տարբեր նախաձեռնությունների հիմնադիր է, իսկ 2019-ին հիմնել է նաև սեփական գործակալությունը՝ &Walsh, որը զբաղվում է բրենդինգով և մարքեթինգով։ Նա իսկապես հասցրել է տարբերվել տաք գույներով և հատկապես վառ կապույտ գույնով, որը դարձել է իր ձեռագրի և բրենդի մի մասը։
Ջեսիկան առանձնանում է իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որի մասին ազատ արտահայտում է իր դիզայնում։ Բացի վառ կապույտից կա ևս մի բան, որ չի վրիպի ձեր աչքից․ Ջեսիկայի աշխատանքները զգայական են ու կանացի։ Նա կարևորում է կանանց դերն ամեն ոլորտում, և հենց իր գործակալության աշխատակիցների մեծ մասը կանայք են։
Bruno Canales-ը նույնպես ԱՄՆ-ից է։ Նրա դեպքում գույներն ավելի մեղմ են, իսկ մինիմալիզմն արտահայտված է լավագույն ձևով։ Բրունոյի էջերը սոցցանցերում ուղղակի էսթետիկայի ու ներդաշնակության էներգիա են փոխանցում։ Ի տարբերություն մեր ցանկի մյուս դիզայներների՝ նա նաև հետաքրքվում է ճարտարապետությամբ։ Երևի կնկատեք, որ սոցցանցերում Բրունոն շատ ակտիվ չէ և չունի հարյուր հազարավոր հետևորդներ, բայց նա դասավանդում է Օստինի համալսարանում ու աշխատում է դիզայնի հնարավոր բոլոր ուղղություններում։
Հաջորդը մեզ մոտ Pol Solà-ն է՝ երիտասարդ իլյուստրատոր Բարսելոնայից։ Փոլի աշխատանքներում կարելի է տեսնել ժամանակակից դիզայնի բոլոր տարրերը, որոնք, միևնույն ժամանակ, չեն խախտում մինիմալիզմի սահմանները։ Այստեղ տարբեր չափեր, գույներ ու ձևեր համադրվում են դիզայնի վերջին թրենդների հետ (տաք գույներ, գրադիենտ, և այլն), իսկ վերջում ստացվում է հագեցած ու գրագետ աշխատանք, որ հաստատ չի հոգնեցնի։ Փոլն արդեն հասցրել է ունենալ երեք անհատական ցուցահանդես և խորանալ դիզայնի տարբեր ուղղություններում։ Ի դեպ, 2019-ին նա նաև հրավիրված է եղել Երևանում անկացվող Jump կոնֆերանսին, որը կազմակերպել էր Ucraft-ը։
Չէինք կարող չնշել դիզայնի չնկատվող, բայց ամենակարևոր տարրերից մեկի՝ տառատեսակների մասին։ Չեխ դիզայներների KOMETA թիմն աշխատում է տառատեսակների մշակմամբ և գործում է Բռնոյում։ Պրոգրեսիվ դիզայնն իսկապես այս խմբի մասին է։ Կայքում կարող եք տեսնել իրենց պատմությունը, աշխատանքները, սեփական բրենդինգով վաճառքի ապրանքները՝ ներկայացված աչքի ընկնող դիզայնով։ Այստեղ ամեն ինչ ոչ շատ է և ոչ էլ քիչ․ իդեալական գրագետ դիզայն՝ տարբերվող ոճով։ Ի դեպ, նրանք իրենց անունը վերցրել են տեղական հոկեյի թիմից։
Դե իսկ վերջում չմոռանանք նշել նաև մի քանի այլ բաց աղբյուր, որտեղ կարող եք մշտապես հետևել դիզայնում նորություններին ու, ինչու ոչ, նաև այլ դիզայներների աշխատանքներին։ Գնացինք․
- Behance. Adobe-ի հիմնած այս կայքը, վստահ ենք, ծանոթ է ձեզ։ Instagram-ը և Pinterest-ը շարունակում են մնալ ոգեշնչման ու նոր գաղափարների հետևելու ամենահասանելի աղբյուրները, բայց Behance-ը տարբերվում է իր հատուկ ուղղվածությամբ ու մասնագիտական մեծ համայնքով։ Այստեղ աշխատանքներով կիսվում են թե՛ սկսնակ, թե՛ պրոֆեսիոնալ դիզայներներ և հավաքում են պորտֆոլիոյի դիտումներ ու գնահատականներ։ Միլիոնավոր հրապարակումների մեջ հնարավոր է գտնել նաև այնպիսի դիզայներների, ովքեր աշխատում են պատվերով։
- Dribbble. Նշենք նաև Dribbble-ը, որը նույնպես աշխատում է պորտֆոլիոյի սկզբունքով և հազարավոր դիզայներների ինքնաարտահայտման ու ոգեշնչման սիրելի կայքն է։ Այստեղ են հայտնի դիզայներներ, ովքեր աշխատում են ամենատարբեր ուղղություններում։ Ի դեպ, կայքում կարող եք հետևել նաև վերևում մեր նշած դիզայներներին, քանի որ նրանց պորտֆոլիոներն այստեղ նույնպես կտպավորեն ձեզ։
- Awwwards. Այստեղ կարող եք գտնել նորություններ հիմնականում վեբ դիզայնի մասին։ Իրականում Awwwards մրցանակաբաշխության կայքը կարող է նաև ոգեշնչման աղբյուր դառնալ, քանի որ այստեղ ամփոփվում են անցնող տարիների աշխատանքները և քննարկվում են դիզայնում նոր թրենդներ։
- Spotify. Երևի մի պահ զարմացաք ու չգիտեիք, որ Spotify-ը բացի երաժշտությունից կարևորում է նաև դիզայնի մասին խոսել։ Դե, կայքում ամեն ինչ մի փոքր ավելի նեղ ուղղվածությամբ է ներկայացված, բայց այնքա՜ն էսթետիկ ու պրոֆեսիոնալ ձևով, որ դժվարանում ես կտրվել։ Spotify-ի դիզայներների թիմն այստեղ պատմում է մասնագիտական նրբությունների և աշխարհի ամենապահանջված հավելվածներից մեկի դիզայնի գաղտնիքների մասին։
- Fonts in Use. Տառատեսակների այս անկախ արխիվը ներկայացնում է ավելի քան 20 հազար տարբեր տառատեսակներ և դրանց ենթատեսակները։ Այստեղ հնարավոր է գտնել ամենատարբեր տառատեսակներ՝ ամենատարբեր դիզայններում օգտագործելու համար։ Սա կարող է նաև ոգեշնչման հիանալի աղբյուր դառնալ, եթե, օրինակ, որոշել եք փորձել ստեղծել ձեր տառատեսակը մի նոր աշխատանքի համար։
* Pol Sola-յի պորտֆոլիոյից
Վստահ ենք՝ կարդալու և ուսումնասիրելու շատ նյութ հավաքվեց։ Կարևոր է ստանալ ամենօրյա ոգեշնչում՝ անընդհատ զարգանալու և նույն եռանդով աշխատանքը շարունակելու համար։ Պետք է հիշել, որ դիզայնը գործի կեսն է։
Իսկ եթե արդեն սկսել եք ձեր փոքրիկ բիզնեսը, կամ փորձում եք հավաքել ձեր աշխատանքները անձնական պորտֆոլիոում, ապա Ucraft-ը կօգնի գտնել պարզ ու հարմար նմուշներ՝ մտքերն արագ կյանքի կոչելու համար։
Դե, էլ մի մտածեք, ընտրեք 120+ պատրաստի նմուշներից մեկը և առանց վարանելու խմբագրեք այն՝ ստեղծելով ձեր պորտֆոլիոն, բրենդային կայքը կամ օնլայն խանութը։
Մաղթում ենք հաջողություն ու լի՜քը խենթ մտքեր։