Առօրյայում, երբ հանդիպում ենք մի քանի լեզվի տիրապետող մեկին, ստեղծվում է տպավորություն, որ նա հավանաբար կրթված և հետաքրքիր մարդ է: Հենց այսպես է լինում նաև բազմալեզու կայքերի դեպքում. այցելուների մոտ ձևավորվում է վստահություն բրենդի նկատմամբ, դե իսկ որոնողական համակարգերի ալգորիթմերն էլ ավելի տեսանելի են դարձնում կայքը:
Բազմալեզու կայքի ստեղծումը հնարավորություն է տալիս ապահովել ակտիվություն, ընդլայնել բիզնեսը և խոսել հաճախորդների հետ հենց իրենց լեզվով: Կայքի թարգմանությունն օգնում է ոչ միայն այլ լեզուներով տեղեկություն ստանալու հարցում, այլ նաև արդյունավետ միջոց է օնլայն վաճառքում՝ նոր շուկա մտնելու համար:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, վերջին տարիներին կտրուկ աճել է օնլայն ակտիվությունը: Սակայն բնական է, որ և՛ վաճառքի հարթակները, և՛ այլ կայքերը բարձր հաճախելիություն ունենալու համար պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները:
Ձեր կայքի թարգմանությունն ու լոկալիզացիան կարող է պահանջել ընդամենը մի քանի ժամ: Իսկ այստեղ մենք կպատմենք դրա առավելությունների մասին:
Ի՞նչ առանձնահատկություններ ունի բազմալեզու կայքը
Երբ մտածում ենք բազմալեզու կայքերի մասին, առաջինը պատկերացնում ենք անգլերեն և/կամ ռուսերեն թարգմանությունները: Իսկապես, օնլայն հարթակում ստեղծված կայքերի մոտ 60%-ի հիմնական լեզուն հենց անգլերենն է: Նույն սկզբունքով ստեղծվում են նաև տեղական կայքերը: Սակայն արդյո՞ք ամբողջական լոկալիզացիայի համար բավարար է միայն թարգմանությունը: Եկեք, նախ, հասկանանք այս երկուսի տարբերությունը:
Կայքի լոկալիզացիան (տեղայնացումը) գործողությունների ընդհանրություն է, որ ենթադրում է նոր լեզվով բովանդակության մշակութային, լեզվական, մարքեթինգային, իրավական և երբեմն՝ ֆինանսական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս հարմարեցնել կայքը նոր լեզվամշակութային խմբի օգտագործման համար: Տեղայնացումը ներառում է նաև բուն բովանդակության թարգմանությունը:
Իսկ բազմալեզու օնլայն խանութներում կատարվում են փոփոխություններ նաև առաքման, վճարումների, պայմանների և դրույթների, տարադրամի, հարկերի և այլ կանոններից ելնելով:
Թարգմանությունների ավտոմատացումը կարող է արագացնել ու պարզեցնել ձեր գործը, բայց ամբողջական արդյունքի համար անհրաժեշտ կլինի նոր լեզվին տիրապետող, տերմինները և լեզվական հնարքները հասկացող մարդու օգնություն:
Լոկալիզացիան մեծ կապ ունի նաև կայքի դիզայնի հետ, քանի որ UX-ում կարևոր դեր է խաղում տեքստային բովանդակությունը: Երբեմն մշակութային տարբերությունները կարող են ազդել բրենդի արտադրանքի վրա: Այսպիսի մի օրինակ է Yahoo-ն, որն ունի տարբեր բրենդինգ ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Yahoo Japan-ը առաջ է մրցակիցներից և ունի ավելի բարձր հաճախելիություն քան օրինակ՝ Google Japan-ը: Տարբերությունը կարող եք նկատել հենց լոգոյից և կայքից. Yahoo-ի կապտամանուշակագույն լոգոն այստեղ փոխարինվել է կարմիրով, որը շատ է օգտագործվում վեբ դիզայնում:
Ճապոնական դիզայնի սկզբունքների մասին կարելի է երկար խոսել, բայց կա մի քանի ակնհայտ առանձնահատկություն: Մենք սովորաբար ձգտում ենք մինիմալիզմի, բալանսի վիզուալ և տեքստային բովանդակության միջև: Իսկ Ճապոնիայում կայքի օգտագործման տրամաբանությունն այլ է, և այստեղ նախընտրելի են շատ նկարներ, քիչ սպիտակ տարածք, հնարավորինս շատ CTA կոճակներ: Կայքի այսպիսի դասավորությունն անսովոր կարող է թվալ առաջին հայացքից: Բայց պետք է հիշել, որ բացի մեզ սովոր «ճիշտ» կամ «սխալ» մոտեցումներից ու սկզբունքներից, կարևոր է, թե ի՞նչ է պետք և ի՞նչ է պահանջում այս շուկան:
Մենք Ucraft-ի հարթակում առանձնացրել ենք Լեզուներ հավելվածը, որը թույլ է տալիս կայքում ավելացնել նոր լեզու ու ստեղծել էջերի կրկնօրինակներ: Նույն կառուցվածքով էջերում բովանդակության թարմացումից հետո կարող եք էջերը հասանելի դարձնել օգտատերերի համար: Էջեր և SEO հավելվածներում կարող եք փոխել նոր լեզվի համար կարգավորումները, և օպտիմալացումը ևս կկատարվի: Իսկ Ucraft-ի կարևոր գործիքներից մեկն այն է, որ կարող եք կայքին կցել մեկից ավելի դոմեյն, իսկ յուրաքանչյուր դոմեյնին կցել մեկ լեզու: Արդյունքում որքան շատ օգտատերերի նախընտրությունների համապատասխանեն կայքի կարգավորումները, այնքան ավելի մեծ կլինի օրգանիկ հաճախելիությունը: Ucraft-ում լոկալիզացիայի գործիքների մասին մի փոքր ավելին կարող եք կարդալ այս կարճ ուղեցույցում:
Այո, խոստովանում ենք, որ աշխատանքն ավելի շատ է, քան կարող է թվալ: Բայց ցանկալի արդյունքի դեպքում բազմալեզու կայքը կդառնա ձեր բրենդի օնլայն ներկայության կարևոր գործոններից մեկը:
Բարձրացրեք վստահությունը Ձեր բրենդի նկատմամբ
Կայքը կառուցելիս առաջնային ուշադրություն պետք է դարձնել հիմնական լեզվով բովանդակությանը: Երբ արդեն պարզել եք ձեր թիրախային խմբի նախընտրությունները և գիտեք՝ ինչպես «խոսել» նրանց հետ, ապա կարող եք անցնել կայքի լոկալիզացիային: Օրինակ՝ կարելի է սկսել անգլերենից, որն աշխարհում օգտագործվում է որպես հիմնական լեզու՝ օգտատերերի մոտ 26 տոկոսի կողմից: Կան երկրներ, որտեղ օրենքով սահմանված են վեբում պարտադիր օգտագործվող լեզուները. այս պայմանը խախտելու դեպքում բիզնեսը կարող է նույնիսկ համարվել ոչ օրինական:
Հայկական շուկայում խիստ սահմանափակումներ չկան, սակայն կարևոր է ուսումնասիրել ոլորտը և կարողանալ առանձնանալ մրցակիցներից: Բազմալեզու կայքերում սովորաբար ներկայացվում են միջազգային հարթակներ, և դա նույնպես կարող է դառնալ Ձեր բրենդի առավելությունը: Մրցակցությունը մեծ է գրեթե ամեն ոլորտում, բայց այսպես դուք կունենաք հնարավորություն աչքի ընկնել, դառնալ շուկայի առաջատար և ասոցացնել ոլորտը հենց ձեր բրենդի հետ:
Իրականում մեծ կապ կա ձևավորված վստահության և կայքում հաճախորդների անցկացրած ժամանակի միջև: Սեփական լեզվով կարդացած բովանդակությունը կարող է ավելի գրավիչ լինել և ապահովել հարմարավետ տարածք հաճախորդի համար: Մեծ է նաև հավանականությունը, որ ձեր կայքի բովանդակությունն ուսումնասիրելուց հետո այցելուները կկիսվեն հաջող փորձառությամբ ու կպատմեն ընկերներին ձեր բրենդի մասին՝ ապահովելով լավ հեղինակություն, մշտական հաճախորդների խումբ:
Թարգմանություններում սխալները զվարճալի են ու նույնիսկ անհեթեթ, բայց համաձայնեք, որ ձեր կայքում նման սխալներ տեսնելն այնքան էլ ծիծաղելի չէր լինի: Եթե կայքը գրագետ ձևավորված և հարմարեցված է, ապա դուք կխուսափեք հնարավոր մշակութային խնդիրներից: Կայքում տեղական լեզվով բովանդակությունը ճիշտ օգտագործելով դուք կուրախացնեք հաճախորդներին, ցույց կտաք նրանց մշակույթի հանդեպ հարգանքը և կվաստակեք նրանց վստահությունը:
Իհարկե, կայքի թարգմանությունը միակ քայլը չէ ողջ աշխարհից հաճախորդներ ներգրավելու համար, բայց այն հաստատ ամենատարածված, արագ և արդյունավետ տարբերակն է: Դե ինչ, արդեն ստուգեցի՞ք, թե քանի լեզու և ինչպիսի ծառայություններ են առաջարկում ձեր մրցակիցները: Եթե ոչ, ապա շտապեք, քանի որ ժամանակն է ընդլայնել նաև ձեր կայքի հնարավորությունները: Սա կլինի այն կետը, որ կառանձնացնի ձեր բրենդը տարբեր շուկաներում:
Օգտագործեք SEO-ի հնարավորությունները
Օպտիմալացման դեպքում, բնական է, որ միայն կայքի թարգմանությունը բավարար չէ: Ինչպես արդեն նշել ենք վերևում, բազմալեզու կայք ունենալը ձեզ առավելություն կտա որոնողական համակարգերում տարբեր լեզուներով հասանելի բովանդակության միջոցով: Սակայն այս դեպքում ևս կարևոր է ուսումնասիրել շուկան: Օրինակ՝ կան երկրներ, որոնք ունեն սեփական որոնողական համակարգերը և ավելի հաճախ օգտագործում են դրանք, քան մեզ սովոր Google-ը կամ Yahoo-ն: Չինաստանի մեծ շուկայում ամենաշատ օգտագործվող համակարգը baidu.com-ն է, իսկ Ռուսաստանում՝ մեզ հայտնի Yandex-ը: Բոլոր համակարգերը, որքան էլ նման են, բայց ունեն ալգորիթմային տարբերություններ: Կարիք կլինի գտնել բանալի բառեր, մետատվյալներ այդ շուկաների համար և փոխել կարգավորումները համապատասխանաբար: Այսպիսով, դուք կմեծացնեք ձեր կայքի տեսանելիությունը այդ երկրներում: Google-ը և այլ որոնողական համակարգեր հեշտությամբ կգտնեն ձեր կայքը, եթե ստեղծեք sitemap-եր գործող յուրաքանչյուր լեզվի համար: Ի դեպ, Ucraft-ում ձեր կայքի հիմնական լեզվի համար ավտոմատ գեներացվում է sitemap:
Կա նաև մեկ այլ կարևոր գործոն՝ դոմեյնը, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել լոկալիզացիան ու օպտիմալացումը: Դոմեյնների կառավարման հարցում կարող է գործել մի քանի սկզբունք.
-
Լեզուների առանձին էջեր՝ տարբերվող հղումներով
Սա մեզ ամենածանոթ և արագ տարբերակն է, որի դեպքում կարող եք տարբերել լեզուների էջերն ըստ կարճ կոդերի: Օրինակ՝ անգլերեն էջերի դեպքում կավելանան en, ֆրանսերենի դեպքում՝ fr, ռուսերենի դեպքում՝ ru տառերը: Ամենաարագ ու արդյունավետ այս տարբերակը չի պահանջում մեծ ջանքեր, քանի որ ողջ ինֆորմացիան տեղադրվում է մեկ տեղում և որոնողական համակարգերում օգտագործվում է նույն դոմեյնը՝ բարելավելով կայքի տեսանելիությունն ու հաճախելիությունը:
Ucraft-ում նոր լեզուների ավելացումից հետո Ձեր կայքի էջերի հղումներում կտեսնեք ավելացված համապատասխան հապավումները:
-
Ենթադոմեյններ
Այս դեպքում Դուք ստեղծում եք Ձեր հիմնական կայքին զուգահեռ այլ կայքերը՝ համապատասխան լեզուների ենթադոմեյններով (օր.՝ en.domainname.com): Այս տարբեր կայքերում կարող եք ունենալ իրարից փոքր-ինչ տարբեր բովանդակություն: Լեզուների փոփոխման կոճակները հեշտությամբ կտեղափոխեն այցելուներին մեկ լեզվից մյուսը:
-
Տարբեր դոմեյններ
Սա երևի թե ամենամեծ ռեսուրսները պահանջող տարբերակն է, քանի որ կարող են գործել առանձին բաժանորդագրություններ յուրաքանչյուր դոմեյնի համար, իսկ Ձեզնից կպահանջվի ժամանակ՝ կայքերն օպտիմալացնելու համար: Սակայն այս տարբերակն ունի նաև մի շարք առավելություններ. կայքերի առանձին օպտիմալացումից բացի դուք ազատ եք ստեղծել տարբերվող բովանադակություն յուրաքանչյուր լեզվի, շուկայի և լսարանի համար: Օրինակ՝ կայքում հաճախելիություն և ակտիվություն ապահովող բլոգի հատվածում կարող եք ավելացնել տարբեր հոդվածներ՝ շուկայի նախընտրությունների համապատասխան:
Եթե նոր դոմեյնների կցումը բարդ է թվում, ապա Ucraft-ի գործիքները կպարզեցնեն ձեր գործը: Դոմեյնի մեր հավելվածում հնարավոր է կայքին կցել մեկից ավելի դոմեյն, որոնցից յուրաքանչյուրը կկապվի համապատասխան լեզվի հետ: Իսկապես, ավելի շատ հղումներն ու տարբեր լեզուների օգտագործումը մեծացնում է օգտատերերի նախընտրությունների հետ համընկնումների հնարավորությունը:
SEO գործիքների ճիշտ օգտագործումն ու բովանդակության լոկալիզացիան կտան ցանկալի արդյունքներն ու կներգրավեն նոր հաճախորդների: Ձեզ մնում է միայն հետևողականորեն թարմացնել կայքերն ու չմոռանալ շուկաների առանձնահատկությունների մասին:
Բազմալեզու օնլայն խանութի առավելությունները
Օնլայն գնումների թիվը շարունակում է աճել նաև այս տարի: Տարբեր գնահատումներով 2021-ին օնլայն վաճառքի թիվը կհասնի մոտ 5 տրիլիոնի: Ի դեպ, համաշխարհային օնլայն վաճառքի մոտ կեսն ապահովում է միայն չինական շուկան: Հայաստանի փոքր շուկայի համար այս թիվը հատկապես մեծ է թվում:
Ինտերնետը փոխել է աշխարհի հետ հաղորդակցվելու մեր ձևերը, և բիզնեսի համար ստեղծվել են ավելի ու ավելի մեծ հեռանկարներ: Տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ օրինակ՝ Եվրոպայում օգտատերերի մոտ 40%-ն ընդհանրապես հակված չէ գնումների, եթե կայքը հասանելի չէ իրենց մայրենի լեզվով: Եթե որոշ կազմակերպությունների կամ բիզնեսների համար բազմալեզու կայք ունենալը պարտադիր պայման է, ապա ձեր բիզնեսի համար դա կարող է դառնալ բիզնեսի զարգացման նոր տարբերակ:
Ունենալով օնլայն խանութ, որը հասանելի է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհից՝ դուք կապահովեք մշտական հոսք և եկամուտ ձեր կայքում: Լոկալիզացիան ու նոր լեզուները ոչ միայն կօգնեն մեծացնել թիրախային շուկան, այլ նաև կօգնեն բրենդի կերպարի ձևավորման գործում և կդարձնեն կայքը user-friendly: Պատկերացրեք չինական մի մեծ օնլայն խանութ, որը հասանելի է միայն մանդարինով (չինարեն): Դե, Google translate-ը կարող է օգնել Ձեզ, բայց մեծ գնումներ նման դեպքում հաստատ չեն լինի: Իսկ հիմա եկեք վերհիշենք H&M բրենդի օնլայն խանութը, որը հասանելի է ավելի քան 70 երկրի համար՝ տարբեր լեզուներով: Բնականաբար, որպես գնորդ դուք ինքներդ հակված կլինեք գնումներ անել երկրորդ խանութից:
Դե ինչ, եթե դեռ կասկածներ ունեք, ապա եկեք նորից ընդգծենք այս մի քանի առավելությունները.
-
Ավելի լավ օպտիմալացում ու հաճախելիություն
-
Մեծ դիտելիություն՝ մեծ վաճառքներ
-
Վստահություն բրենդի նկատմամբ
-
Հաճախորդակենտրոն մոտեցում
-
Մրցակցության բարձրացում
Դե իսկ սկսելու համար ձեզ պետք է հուսալի ու բազմաֆունկցիոնալ գործիք, որը թույլ կտա արագ կատարել բոլոր փոփոխություններն ու հեշտությամբ կառավարել խանութը: Ucraft-ը կօգնի ոչ միայն կայքի արագ լոկալիզացիայի, այլ նաև հենց օնլայն խանութի թարգմանության հարցում: Ձեր Ucraft կայքի eCommerce հավելվածից ընտրելով պետքական ապրանքը՝ կարող եք սահմանել անվանում ու նկարագրություն նախապես ավելացված լեզուներով:
Հաջորդ քայլը նոր թիրախային շուկայի համար նախատեսված վճարային ու առաքման համակարգերի սահմանումն է ձեր խանութում: Ucraft-ի առաջարկած ավելի քանի 50 վճարային համակարգերի շարքում կարող եք գտնել արագ վճարումների համար միջազգային համակարգեր: Իսկ առաքումը հեշտությամբ հնարավոր է կազմակերպել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ծառայությունների միջոցով:
SEO և վերլուծական գործիքները ձեռքի տակ են: Դե, ուրեմն, արդեն պատրաստ եք ընդունել հաճախորդների ու պատվերների նոր, ավելի մեծ խումբ:
Հուսով ենք՝ մեր նշած առավելություններն ու գործոնները կարողացան մոտիվացնել և տալ բիզնեսն ընդլայնելու նոր գաղափարներ: Դե իսկ Ucraft-ի օգնությամբ դուք ինքներդ կարող եք բացել նոր դռներ ձեր բիզնեսի համար: