Մտածե՞լ եք նորարար ու առանձնացող բիզնես սկսելու մասին։ Շատ գաղափարներ կան, որ յուրաքանչյուրս կարող ենք իրականություն դարձնել, բայց ամեն ինչ կախված է ոչ միայն ներկայացնելուց, այլ նաև ֆինանսավորումից։ Բայց ուրախացնենք՝ նշելով, որ ֆինանսների հարցում դուք կախված չեք միայն բանկերից, քանի որ կան ալտերնատիվ ճանապարհներ։
Վերջերս քրաուդֆանդինգ (crowdfunding) եզրույթը դարձել է մեր առօրեական բառերից մեկը։ Ի տարբերություն բիզնես վարկի կամ խոշոր ներդրման՝ քրաուդֆանդինգը բազմաթիվ մարդկանց կողմից վճարվող ոչ խոշոր գումարն է՝ ձեր առաջարկած ապրանքի կամ ծառայության դիմաց։ Դուք ընդունում եք պատվերները, նախապես վճարվում, իսկ բավականաչափ գումար հավաքելուց հետո սկսում արտադրանքն ու առաքումը։
Հաշվի առնելով, թե որքան հաջողակ մեթոդ է դարձել այս տարբերակը, ի հայտ են եկել բազմաթիվ հարթակներ, որոնցից կարելի է գտնել համապատասխանները՝ ձեր բիզնեսի ֆինանսավորումը գտնելու հարցում։ Դե պետք է աչքի տակ ունենալ բոլոր վճարները, պայմաններն ու դրույթները և, առհասարակ, ցանկացած մանրուք։
Մենք առանձնացրել ենք քրաուդֆանդինգի լավագույն 8 կայքերը, որոնք կօգնեն ձեզ իրականություն դարձնել ձեր երազած բիզնեսը։
1. Indiegogo
Indiegogo կայքը հիմնադրվել է 2008 թվականին, երբ դրա հիմնադիրները բախվել են նպանատիպ խնդրի՝ իրենց գաղափարների իրականացման համար ֆինանսավորում գտնելուն։ Ներկայումս այս կայքը դարձել է լավագույններից մեկը, քանի որ թույլ է տալիս միլիոնավոր գաղափարներ իրականացնել ցանկացած ոլորտում՝ լինի դիզայն, թե տեխնիկական նորարարություն։
Այստեղ օգտատերերն ունեն երկու տարբերակ՝ ֆիքսված կամ ճկուն ֆինանսավորում։ Բացատրենք դրանց տարբերությունը։ Ֆիքսված տարբերակի դեպքում դուք պետք է հասնեք նախօրոք սահմանված գումարի չափին, որպեսզի ձեր նախագիծը հաջողության հասնի։ Այսինքն՝ նպատակային գումարը չհավաքելու դեպքում դուք չեք հասնում ձեր նպատակին և չեք ֆինանսավորվում։ Իսկ Ճկուն տարբերակի դեպքում դուք ձեռք եք բերում այնքան գումար, որքան որ օգտատերերը վճարել են։ Ի տարբերություն ֆիքսվածի՝ ճկունի դեպքում դուք ձախողվելու հնարավորություն անգամ չունեք։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Կայքը համապատասխանում է ցանկացած ոլորտի ներկայացուցիչների, ովքեր լավագույնս կներկայացնեն իրենց նախագիծը նախնական փուլում։
Ի՞նչ վճարներ կան
Թե՛ ֆիքսված, թե՛ ճկուն տարբերակի դեպքում դուք վճարում եք հավաքված գումարի 5%-ը։ Ինչպես նաև, հավելյալ 3% վճար կա գործընթացի, և $0.30 յուրաքանչյուր գործարքի դիմաց։ Բայց եթե ձեր նախագիծը շահույթ չի հետապնդում կամ սոցիալական հարց է լուծում, ապա վճարները վերանում են։
2. Kickstarter
Kickstarter-ը մեկ այլ առաջատար է այս ոլորտում, որի գլխավոր նպատակը նորարար նախագծերի իրականացումն է։ Միայն 2019 թվականին այս կայքը ֆինանսավորել է 445,000 նախագիծ՝ երաժշտության, արվեստի և տեխնոլոգիայի ոլորտում։
Նախ և առաջ, դուք պետք է նպատակ ունենաք հասնել որոշակի գումարի սահմանաչափի նշված ժամանակահատվածում։ Երբ ձեր նախագիծը հաստատվի Kickstarter-ի կողմից, դուք կարող եք սկսել ձեր գովազդային արշավն ամենուր։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Կայքը նախապատվություն է տալիս նորարար մտքերով նախագծերին։
Ի՞նչ վճարներ կան
Նախ, պետք է հաշվի առնել, որ Kickstarter-ն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ձեր նախագծի ֆինանսավորման 100%-ը ապահովեք, այլապես ոչ մի գումար չեք կարող ստանալ։ Եթե հասնում եք ձեր նպատակին, ապա հասույթի 5%-ը պետք է վճարել կայքին, իսկ վճարման գործընթացից՝ 3-5%-ը։
3. GoFundMe
Չնայած GoFundMe կայքն առավել ուղղված է սոցիալական խնդիրներին, անհատական պատճառներին կամ արտակարգ իրավիճակներին, բայց բիզնես գաղափաները ևս ողջունելի են։ Այս կայքում շատ կհանդիպեք բնության աղետներից տուժած մարդկանց օգնելու արշավներ, որից կարելի է եզրակացնել, որ կայքի այցելուներին պետք է ներկայացնել սոցիալական պատճառների հիմքով գաղափարներ։
Ինչպես ենթադրեցիք, այս կայքում գրանցման կամ նախագծի ներկայացման դիմաց վճարներ չկան, ինչպես նաև չկան գումարային սահմանաչափեր և վերջնաժամկետներ, այնպես որ կարող եք այս փաստն օգտագործել ի շահ ձեր սոցիալական բիզնեսի։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Նախապատվություն են տալիս անձնական և սոցիալական դրամահավաքներին։
Ի՞նչ վճարներ կան
Քանի որ հարթակի բնույթը սոցիալական է, որևէ վճարներ չկան, սակայն առկա է ոլորտին բնորոշ փոխանցման միջնորդավճարը, որը մոտ 3% է։
4. Patreon
Patreon-ը տարբերվում է մյուս հարթակներից նրանով, որ թույլ է տալիս կատարել ամսական ներդրումներ։ Այսինքն՝ այս հարթակը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր կարող են ամեն ամիս շարունակական քոնթենթ առաջարկել, օրինակ՝ պոդկաստներ կամ YouTube ալիքներ։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Թվային աշխարհում պարբերաբար հրապարակումներ անող անձանց՝ Youtuber-ների, պոդկաստների և բլոգերի հեղինակների համար։
Ի՞նչ վճարներ կան
Հարթակն առաջարկում է երեք տեսակի անդամագրություն տարբեր վճարներով՝ Lite (5% վճար ձեր ամսական եկամտից), Pro (8% վճար ձեր ամսական եկամտից) և Premium (12% վճար ձեր ամսական եկամտից)։ Բացի դրանից կա փոխանցման միջնորդավճար, որը սկսում է 3%-ից։
5. LendingClub
LendingClub-ի նպատակն է հեշտացնել բանկային համակարգի վերաբերյալ խնդիրները՝ բիզնեսներին առավել շահավետ վարկեր տրամադրելով։ 2007 թվականից սկսած նրանք օգնել են երեք միլիոն մարդկանց այս հարցում։
Հարթակը հայտնի է իր գործընկերային վարկավորումով։ Դուք կարող եք դիմել վարկի համար անձնական և բիզնեսի հարցերով։ Պետք է ուղղակի գրանցվել, ընտրել վարկի տեսակը, որը ներառում է պայմաններն ու վճարման տարբերակները՝ կախված, թե ինչի համար եք պատրաստվում օգտագործել գումարը։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Անձնական կամ բիզնես վարկերի համար:
Ի՞նչ վճարներ կան
Վճարները կախված են գումարի չափից և վարկի պայմաններից:
6. CircleUp
Եթե դուք արդեն ծրագրավորման փուլն անցել եք ու հասել եք բիզնեսի զարգացմանը, ապա խորհուրդ ենք տալիս CircleUp-ը։ Այս կայքը միտված է ստեղծել թափանցիկ և շահավետ շուկա, որպեսզի նորարար բրենդերը կարողանան առաջխաղացում ունենալ։ CicleUp-ն առանձնանում է իր մրցակիցներից նրանով, որ առաջարկում է վարկի ֆինանսավորում և բաժնետոմսեր։ Բացի դրանից, նրանք համագործակցում են հայտնի բրենդերի հետ, օրինակ՝ Amazon-ի։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Ձեռնարկատերերի, որոնք փնտրում են լրացուցիչ ֆինանսավորում, որպեսզի կարողանան զարգացնել իրենց բիզնեսը։
Ի՞նչ վճարներ կան
Վճարների տոկոսները կախված են ընդհանուր հավաքված գումարի չափից։
7. SeedInvest
SeedInvest կայքի հիմնադիրները, հասկանալով, թե ինչ դժվար է սթարթափերի համար ֆինանսավորում գտնելը, ստեղծեցին այս հարթակը։ Գործընթացը սկսելու համար պետք է հայտ ներկայացնել համապատասխան կոմիտեին, որը կատարում է ձեր բիզնեսի, թիմի, ապրանքի կամ ծառայության վերլուծություն։ Հաստատում ստանալուց հետո կարող եք ստեղծել ձեր պրոֆիլը՝ ներկայացնելով ձեր բիզնեսը ներդրողներին։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Առավել շահավետ է սթարթափների համար։
Ի՞նչ վճարներ կան
7.5% վճար, որը գանձվում է հավաքված ողջ գումարից, բացի դրանից, կա 2% փոխանցման միջնորդավճար։
8. WeFunder
WeFunder-ը ստեղծվել է հենց քրաուդֆանդինգի շնորհիվ։ Կայքում կա 245,360 ներդրող, ինչի շնորհիվ նախագծերը կարող են հաջողության հասնել մեկից երեք ամսվա ընթացքում։ WeFunder-ը գումար է գանձում միայն այն դեպքում, երբ դուք ստացել եք ձեր նախատեսած ֆինանսավորումը։ Այնպես որ՝ փորձը փորձանք չէ։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Սթարթափերի համար:
Ի՞նչ վճարներ կան
Ձեր ստացած ներդրումի 7.5%-ը։
Բոնուս
Causes
Causes-ը սոցիալական կայք է, որը համակցված է քրաուդֆանդինգին։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ հարթակը, որը միտված է քննարկել կարևոր սոցիալական խնդիրները՝ փորձելով լուծում տալ այդ խնդիրներին։ Ինչպես կռահեցիք անունից՝ այստեղ կենտրոնանում են օգնել սոցիալական, քաղաքական և մշակութային խնդիրներ բարձրաձայնողներին։ Բացի ֆինանսավորումից, այս հարթակը կարող եք օգտագործել նեթվորքինգի համար՝ գտնելով նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետը։
Ու՞մ է համապատասխանում կայքը
Ոչ առևտրային կազմակերպություններ կամ ցանկացած անձ, ով փորձում է իրազեկել որևէ սոցիալական թեմային մասին։
Ի՞նչ վճարներ կան
Վճարներ բացարձակ չկան:
Ինչպես հասկանում եք՝ պատճառաբանել, թե համապատասխան ֆինանսավորում չունեք, այդքան էլ տեղին չէ։ Կարող եք փնտրել ձեզ համապատասխան հարթակը, որը կօգնի ի կատար դարձնել ձեր երազանքը և ստեղծել ձեր բիզնեսը։ Դե իսկ մենք խորհուրդ ենք տալիս, այս հարթակներին զուգահեռ, ունենալ ձեր վեբկայքը և լավագույնս կներկայացնի ձեր մտքերն ու մտահղացումները։ Բացի դրանից, էլ ի՞նչ բիզնես առանց վեբկայքի։