Զարթուցիչ, սուրճ, սոցցանցեր, օֆիս… Ամեն աշխատանքային օրվա սկիզբ մոտավորապես այս հերթականությամբ է անցնում։ Այս առօրյայում հաճախ է պատահում, որ մեր ադյունավետությունն ընկնում է, հատկապես երբ առաջնորդվում ենք ոչ թե օֆիսային, այլ սեփական գրաֆիկով։ Ֆրիլանս կամ ազատ գրաֆիկով աշխատելիս միշտ չէ, որ մեր հայեցողությունը բավարար է արդյունավետության հարցում։
Բայց պետք է հաշվի առնել, որ այս ազատությունը նշանակում է ձեր իսկ ռազմավարության ընտություն՝ դուք եք ձեր սեփական ղեկավարը և, այսպես ասած, աշխատատուն։ Քանի որ նման աշխատելաոճի պահանջարկը մեծանում է, այդ նպատակով էլ ստեղծվում են այնպիսի գործիքներ, որոնք իդեալական են հատկապես ազատ գրաֆիկով աշխատող անձանց համար։
Եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ գործիքներից օգտվել, կամ էլ կարծում եք, որ արդեն ունեք «մեյնսթրիմ» բոլոր գործիքները, ապա ծանոթացեք մեր ներկայացրած ցանկին, որը կօգնի բարձրացնել ձեր արդյունավետությունը ցանկացած աշխատանքի դեպքում։
Կենտրոնացեք աշխատանքի վրա
1. Tomato Timer
Լսե՞լ եք Պոմոդորո տեխնիկայի մասին։ Եթե ոչ, ապա նշենք, որ դա արդյունավետության մեթոդ է, ինչին հետևելով դուք պետք է մի առաջադրանքի վրա ծախսեք ընդամենը 25 րոպե, որից հետո 5 րոպե դադար տաք։ Այս տեխնիկան օգնում է կենտրոնացած մնալ՝ հուշելով, թե երբ և ինչքան արժի աշխատել և հանգստանալ։
2. One Tab
Իսկ դուք ձեր բրաուզերում քանի՞ թաբ եք բացում։ Բավականին շատ, ինչպես իմն է՞։ Բազմաթիվ վեբկայքեր բացելը և դրանք ձեր բրաուզերում հավերժ պահելը կարող է ազդել ձեր արդյունավետության վրա, շեղել, էլ չասենք, որ սխալ թաբ բացելը շատ նյարդայնացնող է։ Դրան լուծում է տալիս One Tab հավելվածը, որը մաքրում է բոլոր թաբերը մեկ գործողությամբ։ Դրա օգնությամբ դուք կարող եք խմբավորել էջերը և հետագայում հեշտությամբ գտնել դրանք։
3. Coffitivity
Աշխատելու համար միջավայրը կարևոր գործոն է։ Եթե դուք առավել արդյունավետ եք սրճարանի թեթև աղմուկի ներքո, ապա կարող եք օգտվել Coffitivity-ից, որը կօգնի ստեղծել նմանատիպ միջավայր հենց ձեր տանը կամ աշխատավայրում։ Դե անգամ Չիկագոյի համալսարանի կողմից իրականացված հետազոտությունն է վկայում, որ մի փոքր շեղումն ու հանդարտ աղմուկը կարող են օգնել նորարար լուծումներ տալ ձեր աշխատանքին։ Կայքում հասանելի ձայնագրությունները հենց այդ նպատակով են՝ դարձնել ձեր աշխատանքային առօրյան ավելի արդյունավետ և ձեզ նորարար մտքեր հաղորդել։
4. FocusMe
Այսօր գրեթե անհնար է պատկերացնել մեր աշխատանքն առանց ինտերնետի։ Բացի աշխատանքից, ինտերնետի հետ են կապված հազար ու մի շեղող կայքեր և հավելվածներ։ Հենց այդ նպատակով էլ կարող եք օգտվել FocusMe-ից՝ արգելափակելով շեղող ֆեյսբուքներն ու ինստագրամները։ Բացի դրանից, կարող եք նաև որոշել, թե երբ դադար վերցնել և երբ վերսկսել ձեր աշխատանքը։ Ծրագիրը աշխատում է մի քանի սարքերի վրա, այնպես որ ոչինչ չի շրջանցի հավելվածային բլոկադան։
Կենտրոնացեք ժամանակի վրա
5. AND CO
Բազմաթիվ առաջադրանքներ, բազմաթիվ պատվիրատուներ… Այս դեպքում ժամանակը հաշվարկելն իրոք կարևոր է արդյունավետ լինելու համար։ Չէ՞ որ պետք է հասկանալ՝ ինչքան ժամանակ տրամադրել յուրաքանչյուր առաջադրանքին, նաև պլանավորել այն։ Իզուր չէ, որ ասում են՝ ժամանակը փող է։ Հիմնվելով այդ մտքի վրա՝ AND CO-ն ստեղծել է ժամանակը հետևող ծրագիր՝ ներկայացնելով ձեր աշխատանքի գումարը՝ կախված կատարած աշխատանքի տևողությունից։ Այն անգամ ձեզ կհիշեցնի, թե երբ պետք է դիմել պատվիրատուին աշխատավարձ ստանալու համար։
6. RescueTime
Ինքներդ ձեր կատարած աշխատանքի զեկույց ներկայացնելն այդքան էլ մոտիվացնող գործ չէ։ Գիտե՞ք՝ ինչ լուծում կա. RescueTime։ Այն գնահատում է ձեր աշխատանքը՝ հետևելով ձեր համակարգչի էկրանը և հասկանալով առօրյա առաջադրանքները։ Եվս մեկ պատճառ հնարավորինս քիչ սոցցանցերում ժամանակ անցկացնելու համար, հակառակ դեպքում սրտի կաթված կստանաք շաբաթվա վերջում նամակ ստանալուց հետո, որտեղ նշված է՝ ինչքան ժամանակ եք նախորդ շաբաթվա ընթացքում վատնել լրահոսը թերթելու վրա։
Կենտրոնացեք աշխատավայրի վրա
7. WiFi Map
Եթե օֆիսում չեք ուզում անցկացնել աշխատանքային օրը, ապա պետք է այլ վայրերում ևս լինեն համապատասխան պայմաններ, հատկապետ՝ լավ գործող WiFi, ճի՞շտ է։ Իսկ որպեսզի իմանաք, թե որ վայրն է համապատասխանում այդ պահանջին, կարող եք օգտվել WiFi Map-ից։ Այն հավաքագրում է բոլոր վայրերի WiFi գաղտնաբառերը՝ օգնելով ձեզ գտնել լավագույն կետերը կապ ունենալու համար, և բացարձակ կարիք չկա տեղի աշխատակիցներից գաղտնաբառ խնդրել։
8. Workfrom
Աշխատել մի սենյակում, որտեղ բոլորը կենտրոնացած են իրենց առաջադրանքների վրա, բավականին տրամադրող է։ Երբեմն միայնակ աշխատելը չի նպաստում կենտրոնանալուն, իսկ տանը տարբեր շեղող հանգամանքներ են առաջանում։ Լավագույն տարբերակներից է այնպիսի վայրեր գտնելը, որտեղ մարդիկ հավաքվում են մեկ նպատակով՝ աշխատել։ Workfrom-ը ներկայացնում է նմանատիպ վայրերի ցանկ ձեր քաղաքում և, առհասարակ, ողջ աշխարհում, ներառյալ սրճարաններ և գրադարաններ։
Կենտրոնացեք շփման վրա
9. FollowUp
Այս գործիքի միջոցով դուք չեք մոռանա ուղարկել կարևոր էլեկտրոնային նամակներ։ Կարող եք հիշեցումներ միացնել կամ էլ ուղղակի գրել նամակը՝ նշելով, թե որ ժամին այն պետք է ուղարկել։ Սրա միջոցով դուք կհեշտացնեք ձեր գործը` արագ և արդյունավետ շփում պահպանելու հարցում։
10. Boomerang
Այս հավելվածն աշխատում է ձեր Gmail-ի հետ և կարգավում ձեր նամակները՝ ուղարկելով դրանք ձեր նշված օրը և ժամին։ Մեկ այլ կարևոր հատկանիշ են նաև հիշեցումները՝ նշելով, որ ձեր նամակին դեռ չեն պատասխանել։ Այս հավելվածի միջոցով դուք էլ ավելի գրագետ և բովանդակալից նամակներ կուղարկեք, ինչը կբարելավի գործատուի վստահությունը ձեր հանդեպ։
Կենտրոնացեք նշումների վրա
11. Google Keep
Նշումներ կատարելու համար լավագույն տարբերակը Keep-ն է։ Նշումներից բացի կարող եք պահպանել ցուցակներ, նկարներ, ձայնային հաղորդագրություններ, ինչպես նաև նկարել ձեր մտքերը։ Այս ամենը հասանելի կլինի ձեր բոլոր սարքերի վրա՝ օգնելով ձեզ չմոռանալ ոչ մի կետ։
12. Pocket
Շատ հեշտ է ուշադրությունը շեղել տարբեր հոդվածների, վիդեոների կամ այլ հղումների պատճառով, բայց մենք առաջարկում ենք ոչ թե չդիտել դրանք, այլ պարզապես պահպանել Pocket-ի միջոցով և անդրադառնալ հղումներին հետո՝ ավելի դասակարգված ձևաչափով։ Շատ հարմար է կարդալ այդ հոդվածները կամ դիտել հոլովակները առավոտյան սուրճ խմելիս կամ ցանկացած այլ հարմար պահի և հետ չմնալ աշխարհից։
Կենտրոնացեք որակյալ աշխատանքի վրա
13. Hemingway App
Այս հավելվածը կօգնի ավելի գրագետ տեքստեր գրելու հարցում։ Տեղադրեք ձեր հոդվածը, նամակը կամ ցանկացած այլ տեքստ, և այս գործիքը միանգամից ցույց կտա առաջարկներ կապված որակի բարելավումների հետ։ Այն նաև կհուշի, թե ինչ բարդության է ձեր ներկայացրած տեքստը։
14. Mural
Այս գործիքը ստեղծվել է, որպեսզի դուք կարողանաք համագործակցել վիզուալ նյութերի միջոցով։ Սա շատ լավ միջոց է, եթե դուք աշխատում եք ոչ օֆիսից և կարող եք «ցույց տալ» ձեր մտքերը, լինի դա քարտեզ, նշում, նկար կամ հոլովակ։
Կենտրոնացեք նոր մտքերի վրա
15. Ucraft Blog
Նոր մտքերի և նոր մոտեցումների հետ ծանոթանալը միշտ էլ լավ միտք է։ Իսկ եթե ոգեշնչման համար նորություններ եք փորձում փնտրել, ապա կարող եք աչքի անցկացնել Ucraft բլոգը, որը հասանելի է երեք լեզվով՝ անգլերեն, ռուսերեն և, իհարկե, հայերեն։ Կարծում ենք, որ նոր մտքերով դուք առավել արդյունավետ կաշխատեք՝ անկախ ձեր գտնվելու վայրից։
Կենտրոնացեք փորձի վրա
Դեռ շատ գործիքներ և մեթոդներ կան, որոնք կարող են ծառայել ձեր արդյունավետ աշխատանքին, բայց նաև է լսել այն մարդկանց խորհուրդները, որոնք կուղղորդեն ձեզ իրենց փորձով։
Օրինակ՝ Ucraft-ի նախկին մարքեթինգի ղեկավար Իտան առաջարկում է մի քանի որոշում.
«Սկզբի համար կարող եք անջատել այն հավելվածների ծանուցումները, որոնք հաստատ շեղելու են ձեզ աշխատանքից։ Հետո, կարող եք ինքներդ կատարել ձեր աշխատանքի բաժանումը օրվա կտրվածքով՝ յուրաքանչյուր առաջադրանքին հատկացնելով որոշակի ժամանակահատված։ Բայց չմոռանաք ռեալ գնահատել ձեր հնարավորություններն ու կատարել համապատասխան բաժանում։ Իսկ վերջում էլ հիշեք, որ պետք չէ գերծանրաբեռնել ձեզ, դուք կարող եք ամեն օր աշխատել ոչ ավելին, քան ութ ժամն է։ Միշտ խնայեք ձեր էներգիան, ընդմիջումներ արեք, երբ դրա կարիքը զգում եք»։
Իր առանձնահատուկ ու իմաստուն խորհուրդներով է աչքի ընկնում Աշը՝ Ucraft-ի բիզնեսի զարգացման գծով ղեկավարը։
«Դրական միջավայրը կարևոր է գործում. միշտ պետք է դրական տրամադրվել, դրական էներգիա տալ աշխատակիցներին կամ գործատուին, և հետևաբար, ստանալ նույնը։ Առհասարակ, դժվար պահերին պետք է աջակցել գործընկերներին, ինչի հետևանքով նրանք էլ ավելի լավ ու արդյունավետ կսկսեն աշխատել։
Ինչ վերաբերում է առօրյային, լավ կլինի չափից շատ կամ չափից քիչ չքնել, որ բավականաչափ էներգիա ունենաք աշխատելու համար։ Ու նաև չմոռանաք այսօրվա գործը վաղվան թողնել, կամ չթողնել, դե ճիշտը չթողնելն ա»։
Դե իսկ ձեզ մնում է օգտվել այս գործիքներից՝ դարձնելով ձեր աշխատանքն էլ ավելի արդյունավետ։ Կարող եք ժամանակ խնայել, նշումներ կատարել և կենտրոնանալ բուն գործի վրա։ Ընտրեք ձեզ առավել համապատասխան գործիքները, մեթոդները և անցեք գործի։